Չալաբյան․ Մասնակցությունը բարձր է հատկապես այն տեղամասերում, որտեղ ակնհայտ ուղղորդում ենք ֆիքսում
Նախորդ ընտրություններին մասնակցությունը Գյումրիում եղել է մոտ 24%, իսկ այսօր օրվա կեսի դրությամբ արդեն 24%-ը համարյա լրացված էր, դա նշանակում է, որ սա շատ բարձր մասնակցություն է նախորդի համեմատ: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին 24news.am-ի հետ զրույցում նշեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը:
«Պետք է հաշվի առնել, որ Գյումրիում գրանցված ընտրողների զգալի մասը Գյումրիում մշտական չի ապրում, ուստի դժվար է սպասել շատ բարձր մասնակցություն: Ըստ գրանցված թվի, ընտրական ակտիվությունը բարձր է։ Հիմա այդ լավ, լավ ընդհանուր պատկերի մեջ կա մի խնդրահարց կետ, որ ամենաբարձր մասնակցությունը այնտեղ է, որտեղ ակնհայտ ուղղորդում ենք մենք ֆիքսում: Ուղղորդումը երևում է, երբ որ կոնկրետ ընտրատարածքի դիմացը կուտակումներ կան և ընտրողները, որոնք մոտենում են քվեարկելու, նրանց նկատմամբ ինչ-որ ներգործություն է տեղի ունենում, կամ որտեղ մեքենաներով են բերում: Դա էլ ենք մենք մի ֆիքսել մի քանի տեղերում, երբ որ կոնկրետ մեքենան անընդհատ ընտրողներ է բերում և դա իհարկե խնդրահարույց է:
Մինչև վերջ միարժեք դժվար է ասել, թե ո՞վ է դա անում, բայց կոնկրետ ընտրատարածքներ կան, օրինակ, 69 և 70 ընտրատարածքները, որոնք իշխանության թեկնածուի, այսպես ասած, հայրենի ընտրատարածքներն են և այնտեղ ուղղորդման գործակիցը տառաչյորեն շատ բարձր է, որտեղ տեսնում ենք մեծ կուտակումներ»,-ասաց Չալաբյանը:
«Նույնիսկ լուրեր են պտտվում, որ այդտեղ ընտրակաշառք է բաժանվում, ես ինքս աչքովս չեմ տեսել, չեմ կարող դա հավաստեմ: Լավ կլիներ, որ ոստիկանները մտնեին, դա տեղում ստուգեին: Ցավոք, ոստիկանները այնտեղ շատ պասիվ են, մենք պարբերաբար պետք է իրենց ոնց որ հորդորենք, գործողության մղենք: Ասում ենք՝ եկեք այս կուտակումները գոնե ցրեք, ասում են՝ դե մարդիկ իրենց տան դեմն են կանգնած: Ասում եմ՝ 20 հոգի մարդ է այստեղ կանգնած, 20-ն էլ այս շենքում է ապրում, մանավանդ, դա տուն չի, խանութ է»:
Ինչ վերաբերում է նրան, որ ՔՊ-ից հայտարարել են, որ «Հայաքվեի» տարածած տեղեկությունը սուտ է, որ զինվորականը եկել է և փորձել է քվերակել, քանի որ նա ռուսական ռազմաբազայի ծառայող է եղել, չի փորձել քվեարկել, Չալաբյանն ասաց. «Ես ինքս տեղում չեմ եղել, չեմ կարող դա մեկնաբանել, բնականաբար կստուգենք, բայց զինվորը եկել է քվեարկելու։ Այսինքն ինքը եկել է, ուզեցել է քվեարկել, դա արձանագրվել է: Բնականաբար ինքը քվեարկության իրավունք չուներ»:
Անդրադառնալով նրան, որ «Մեր քաղաքը» դաշինքի անդամներից երկու կանանց ձերբակալել են, նա նկատեց, որ եթե նույնիսկ կաշառքի փաստեր կան, հիմնավոր կասկած կա, քվեարկությունների օրը դա անելն անթույլատրելի է, առավելևս բռնի հարկադրանք կիրառելով. «Դա անմիջականորեն ազդում է ընտրական արդյունքի վրա։ Կարող էին մի օր սպասեին»:
News.am