Փարաքարում և Գյումրիում ժամը 20։00-ին ընտրություններին մասնակցել է ընտրողների 44.61%-ը
Փարաքար և Գյումրի համայնքներում, նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել է 58978 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 44.61%-ը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Հանձնաժողովից նշում են, որ Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանիների արտահերթ ընտրությունների քվեարկությունը ժամը 20:00-ին ավարտվել է:
Արդյունքում, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 11526 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 54.97%-ը (նախնական տվյալներ): Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ:
Ինչ վերաբերում է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ապա այստեղ մասնակցել է 47452 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 42.66%-ը(նախնական տվյալներ): Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է:
Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ Սարիկ Մինասյանը։
Փարաքար խոշորացված համայնքի ՔՊ–ական ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանն էլ հրաժարական է ներկայացրել 2024 թ. նոյեմբերին այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հայտնեցին, որ դրանից 2 օր առաջ Երևանում տեղի ունեցած վիճաբանության, ապա սպանության վայրում նաև նա է եղել։
Sputnik Արմենիա