ԻՆՉ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ, ԵԹԵ ԳՅՈՒՄՐԻԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ 4 ՈՒԺԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՆԱՆ ՄԻԱՎՈՐՎԵԼ ԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԸՆՏՐԵԼ

Եթե Գյումրիում ավագանու ընտրությունների արդեն հրապարակված արդյունքները չփոփոխվեն, ապա ավագանու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Գոհար Մելոյանը:

Նա պարզաբանեց, որ համայնքաի ղեկավարն ընտրվում է Գյումրիի ավագանու 33 անդամներից առնվազն 17-ի կողմ քվեարկությամբ: Եթե ընդդիմադիր 4 ուժերը միավորվեն, ապա նրանք կունենան 19 մանդատ և կկարողանան քաղաքապետ։ ընտրել իրենց կողմից առաջադրված թեկնածուին:

Նշենք, որ արդեն իսկ Ռուբեն Մխիթարյանն ու «Մայր հայաստանի» թեկնածու Կարեն Սիմոնյանը հայտարարել են, որ պատրաստ են առանց նախապայմանների իրենց քվեն տալ ընդդիմադիր թեկնածուներից առավել շատ ձայն ստացած Վարդան Ղուկասյանին:

Որևէ կերպ իր դիրքորոշումը չի հայտնել «Մեր քաղաքը» դաշինքը ներկայացնող թեկնածու Մարտուն Գրիգորյանը, ով նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է:

Եթե ապրիլի 16-ի նիստում հնարավոր չլինի քաղաքապետ ընտրել, ապա սեղմ ժամկետներում պետք է տեղի ունենա ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ քաղաքապետ է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն:

Սակայն, ըստ Մելոյանի, այստեղ էական է այն, որ ընդդիմադիր 4 ուժերը կարող են բոյկոտել նիստը և այդ դեպքում ՔՊ-ի 14 մանդատը բավարար չէ, որ ավագանու նիստը համարվի իրավազոր: Եթե չհաջողվի ավագանու նիստ հրավիրել, ապա պետք է տեղի ունենան արտահերթ ավագանու ընտրություններ:

Իսկ եթե այունամենայնիվ, ՔՊ-ի 14 ավագանու անդամներից բացի ևս 3 ավագանու անդամներ մասնակցեն նիստին, ապա նիստը կհամարվի իրավազոր, և ամենայն հավանականությամբ ՔՊ-ի թեկնածուն կդառնա քաղաքապետ, քանի որ արդեն բավարար կլինի ոչ թե 17 կողմ ձայն, այլ ներկաների կեսից ավելիի ձայները, ինչը ՔՊ-ն ունի:

Նշենք, որ Գյումրիում նախնական արդյունքներով ավագանի են անցնում 5 ուժեր: ՔՊ-ն կստանա 14 մանդատ, Վարդան Ղուկասյանը՝ 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը՝ 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը՝ 3 ամնդատ և «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ:

News.am