«40+10 հազար» ծրագիրը թիրախային ենք դարձրել. նախարարն արձագանքել է արցախցիների ակցիային

«40+10 հազար դրամ» ծրագիրը որոշակիորեն սահմանափակվել է. այն կդառնա թիրախային։ Այդ մասին ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` արձագանքելով արցախցիների անցկացրած բողոքի ակցիային։

Ավելի վաղ հայտնել էինք, որ արցախցի մայրերը մարտի 30-ին ՀՀ կառավարական ամառանոցների մոտ, իսկ այսօր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով վերանայել 40 +10 սոցիալական աջակցության ծրագրի դադարեցումը։ Նրանց խոսքով` այս ծրագիրը հատկապես կարևոր նշանակություն ունի բնակարանների վարձակալության համար։

Նախարարը վստահեցրեց, որ իրենք տարբեր ձևաչափերով կապի մեջ են եղել ամենատարբեր խմբերի, մարդկանց հետ և ակցիային մասնակից մարդիկ կան, որոնց հետ, ըստ անհրաժեշտության, ամենօրյա կապի մեջ են։

«Մեր ծրագրերն ունեն եռաստիճան տրամաբանություն` կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ։ Երբ մենք հայտարարեցինք բնակապահովման ծրագերի մասին, ասացինք, որ այն պետք է ապահովի երկարաժամկետ ներառում, սակայն այն անընդհատ չի կարող նույն տրամաբանությամբ շարունակվի. բնակվարձի կեցության ծախսերը հոգալու այդ «40+10 հազար դրամ ծրագիրը» մենք սկսեցինք որոշակիորեն սահմանափակել ու թիրախային դարձնել»,– նշեց Մկրտչյանը։

Նրա խոսքով` հիմա շրջանառության մեջ է մեկ այլ փաթեթ, համաձայն որի` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, այսինքն` նրանք, որոնք իրականում խոցելի խումբ են համարվում, նոր գործիքակազմ կտրամադրվի, որպեսզի կարողանան այդ իրավիճակից դուրս գալ։

«Իմ հորդորն ու խնդրանքն այն է, որ ԼՂ–ից բռնի տեղահանվածները դառնան ՀՀ քաղաքացի, դիմեն ծրագրին։ Ակցիայի մասնակիցներից մեկն ասել է, որ 4 մլն դրամով հնարավոր չէ բնակարան գնել, սակայն օրինակ` Արմավիրի մարզում հնարավոր է այդ գնով ձեռք բերել։ Մենք նաև հորդորում ենք, որ մարդիկ նաև տնտեսապես ակտիվանան. ԼՂ–ից բռնի տեղահանված մարդիկ կան, որոնք ոչ միայն աշխատանք են գտել, այլև իրենց ձեռնարկություններն են հիմնել»,– նշեց Մկրտչյանը։

Նա ավելացրեց, որ նախարարությունում ընդունել են ակցիա անողներից մի խմբի, լսել են բոլոր դիտարկումները, որոնք կվերլուծեն։ Ըստ նախարարի` չի եղել մի ողջամիտ առաջարկ, որ հնարավորության սահմաններում հաշվի առած կամ լուծած չլինեն։

Մկրտչյանը նաև հիշեցրեց, որ ՀՀ–ում էլ կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ունեն բնակարանային խնդիրներ, ապահովության հետ կապված տարբեր մարտահրավերներ։

Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվելու է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանա 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։ Աջակցություն կտրամադրվի միայն երեխաներին (մինչև 18 տարեկան), թոշակառուներին (63 տարեկանից բարձր), 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև կերակրողին կորցրած ընտանիքներին։ Եվ նույնիսկ նրանց համար աջակցությունը կնվազի ամսական մինչև 40 000 դրամ, իսկ հուլիսից` մինչև 30 հազար։

Sputnik Արմենիա