Մովսես Հակոբյանին և Արմեն Հարությունյանին մեղադրում են անփութության մեջ

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին և ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանին մեղադրում են պաշտոնեական անփութության մեջ։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ դատախազությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից և ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանից պահանջում են շուրջ 4,5 մլրդ դրամ բռնագանձել՝ իբրև որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում։

Հայցադիմումը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան մուտքագրվել է 2025 թվականի մարտի 17-ին և նույն օրը մակագրվել դատավոր Լիլի Դրմեյանին։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել էին, որ 2025 թվականի մարտի 14-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մովսես Հրանտի Հակոբյանի և Արմեն Սամսոնի Հարությունյանի՝ համապարտությամբ՝ որպես ոչ օրինաչափ վարքագծի արդյունքում պետությանը պատճառված վնասի հատուցում, հօգուտ Հայաստանի Հանրապետության 4 մլրդ 370 մլն 985 հազար դրամ բռնագանձելու մասին: Թե ինչ քրեական գործով էր բարձրացվել փոխհատուցման հարցը՝ դատախազությունից չէին մանրամասնել՝ հղում կատարելով նախաքննական գաղտնիքին, իսկ Մովսես Հակոբյանը հայտնել էր, թե տեղեկություն չունի, առհասարակ մամուլից է տեղեկացել հայցից։

Քրեական գործով նախաքննությունը, սակայն, այլևս ավարտված է, ավելին՝ գործն օրերս մուտքագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և մակագրվել դատավոր Մասիս Մելքոնյանին։ Ըստ մեղադրանքի՝ Արմեն Սամսոնի Հարությունյանը 2017թ. մայիսից զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ֊վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով պետ և պաշտոնատար անձ, խախտելով «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջները, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք ոչ պատշաճ է կատարել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Մովսես Հակոբյանը ևս մեղադրվում է անփութության մեջ։ Ըստ մեղադրանքի՝ Մովսես Հակոբյանը, 2015-2016թթ. զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութականատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով ոչ պատշաճ է կատարել իր պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Արմեն Հարությունյանի և Մովսես Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, Հակոբյանի նկատմամբ՝ նաև գրավը՝ 10 մլն դրամի չափով։ «Դատալեքսում» առկա նշումների համաձայն՝ հենց այս գործով էլ ներկայացվել է հայցը՝ պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ։