Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
Միացյալ Նահանգները երեքշաբթի նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանին առնչվող վեց կազմակերպությունների և երկու ֆիզիկական անձանց նկատմամբ: Դրա մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքը։
Ըստ գերատեսչության հայտարարության՝ պատժամիջոցների ենթարկված անձինք և կազմակերպությունները «պատասխանատու են եղել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) բաղադրիչների ձեռքբերման համար՝ իրանական «Qods Aviation Industries» (QAI) ընկերության անունից, որն Իրանի անօդաչու թռչող սարքերի ծրագրի առաջատար արտադրողն է»:
«Այսօրվա միջոցառումները պատժամիջոցների երկրորդ փուլն են, որոնք ուղղված են Իրանի զենք տարածողներին, երբ նախագահ Դոնալդ Թրամփը վերսկսեց «առավելագույն ճնշման» քաղաքականությունը Իսլամական Հանրապետության դեմ», -ասված է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:
«Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի և հրթիռների տարածումը, ինչպես տարածաշրջանում իր ահաբեկիչների դաշնակիցներին, այնպես էլ Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար, շարունակում է սպառնալ խաղաղ բնակչությանը, ԱՄՆ-ի անձնակազմին, մեր դաշնակիցներին և մեր գործընկերներին», -հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:
«Գանձապետարանը կշարունակի խափանել Իրանի ռազմարդյունաբերական համալիրը և անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և սովորական սպառազինությունների տարածումը, որոնք հաճախ հայտնվում են ապակայունացնող ուժերի, դրանց թվում՝ ահաբեկչական կազմակերպությունների ձեռքում»,-հավելել է նա:
News.am