ԱՄՆ 50 սենատորներ պաշտպանել են պատժամիջոցների մասին օրինագիծը, եթե ՌԴ-ն հրաժարվի խաղաղ բանակցություններից

ԱՄՆ 100 սենատորներից 50-ը (25 հանրապետական ​​և 25 դեմոկրատ) աջակցել են Ռուսաստանի դեմ առաջնային և երկրորդային պատժամիջոցների մասին երկկուսակցական օրինագծին, եթե նա հրաժարվի Ուկրաինայում խաղաղ բանակցություններից կամ խախտի համաձայնագիրը, գրել են Reuters-ը և Bloomberg-ը։

Bloomberg-ի տվյալներով՝ նախագիծը նախատեսում է 500 տոկոս մաքսատուրք ներմուծման համար այն երկրներից, որոնք ռուսական նավթ, նավթամթերք, բնական գազ կամ ուրան են գնում։ Դա նաև ենթադրում է պատժամիջոցներ Ռուսաստանից ուրան գնող ցանկացած երկրի նկատմամբ։ Բացի այդ, սահմանափակումների փաթեթը կներառի ԱՄՆ ֆինանսական հաստատությունների՝ Ռուսաստանի կառավարության հետ կապված կազմակերպություններում ներդրումներ կատարելու արգելքը, իսկ ԱՄՆ քաղաքացիներին կարգելվի ռուսական պետական​​պարտատոմսեր գնել, գրել է Bloomberg-ը։

Այդ պատժամիջոցները, մտցվելու դեպքում, հավանաբար «լուրջ առճակատում» կառաջացնեն Հնդկաստանի և Չինաստանի (ռուսական նավթի խոշորագույն սպառողների) հետ և դժվար դրության մեջ կդնեն Եվրոպային, որը դեռ կախված է ռուսական բնական գազից, նշել է Bloomberg-ը։

Օրինագծի հիմնական հեղինակներն են հանրապետական ​​Լինդսի Գրեմը և դեմոկրատ Ռիչարդ Բլյումենթալը։ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահանջում են տուրքեր սահմանել այն երկրների համար, որոնք գնում են ռուսական նավթ, գազ, ուրան և այլ ապրանքներ»,- նշվել է մամուլի հաղորդագրությունում։ Սենատում «գերակշռող տեսակետն այն է, որ Ռուսաստանն է ագրեսորը, և որ այս սարսափելի պատերազմը և Պուտինի ագրեսիան պետք է դադարեն հիմա և զսպվեն ապագայում»,- ավելացրել են նախագծի հեղինակները:

Լինդսի Գրեմը և Ռիչարդ Բլյումենթալը հայտնել են, որ օրինագիծը ստորագրել են 50 սենատորներ, և ուղեկից օրենսդրությունը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատում չորս սենատորներից բաղկացած երկկուսակցական խմբի կողմից:

Օրինագծի կողմնակիցներն ասում են, որ այն կընդունվի երկու պալատներում ձայների ճնշող մեծամասնությամբ, եթե Կոնգրեսում հանրապետականների ղեկավարները թույլ տան քվեարկությունը։ Առայժմ տեղեկություն այն մասին, թե երբ դա կարող է տեղի ունենալ, չկա։

News.am