ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱԶԴԻ ՆԱԵՎ ՀՀ-Ի ՎՐԱ
միջազգայնագետը` Իրանին ԱՄՆ-ի սպառնալիքների մասին
ԱՄՆ–ի և Իրանի միջև ամբողջական պատերազմ սկսվելու դեպքում այն կազդի նաև Հայաստանի վրա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց լրագրող, միջազգայնագետ Աբբաս Ջուման` անդրադառնալով Իրանի շուրջ սպասվող զարգացումներին։ Նա խոսեց նաև այն մասին, թե ինչ կլինի ՀՀ–ի հետ նման պարագայում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնագրեր չկնքեն: Ռուսաստանն էլ անընդունելի է համարում Իրանի միջուկային օբյեկտները ռմբակոծելու սպառնալիքները։
«Եթե ամբողջական պատերազմ սկսվի, ապա դա չի կարող Հայաստանի վրա չազդել. Իրանն առևտրային, տնտեսական, քաղաքական կարևորագույն գործընկերներից է, ընդհանուր սահման կա։ Միանշանակ, ԱՄՆ–ի կողմից նմանատիպ քայլը չի կարող չազդել իսլամական պետության մարտունակության վրա, ինչպես նաև Հայաստանից իր ուշադրությունը կշեղի։ Բացի դրանից, թուրքական իշխանությունը Բաքվի հետ համատեղ պլաններ է մշակում Սյունիքի մարզի ուղղությամբ։ Այսօր ԻԻՀ–ն անվտանգության երաշխավորներից մեկն է ՀՀ–ի համար, ու Անկարային և Բաքվին ասել է` «Զանգեզուրի միջանցքը» իրենց համար կարմիր գիծ է։ Այդ իմաստով` ինչ վնաս էլ կրի Իրանը, այս տարածաշրջանի վրա այն կզգացվի»,– նշեց Ջուման։
Նա հույս հայտնեց, որ հնարավոր կլինի խուսափել պատերազմից և գիտակցությունը կհաղթի։ Ընդգծեց` անձամբ իրանցիները հիմա պատրաստվում են վատագույնին և դա երևում է այն բանից, որ իրանական բանակը հիմա մոբիլիզացվել է, ուժի ցուցադրման տեսանյութեր են տարածվում և այլն։ Ջուման վստահ է` դա ոչ սպառնալիք է, ոչ էլ վերջնագիր, դա ուղղակի ագրեսորին կանգնեցնելու փորձ է։