Թալեպբուր․ Երևանը կարող է իրանական արտադրանքը ՌԴ արտահանելու հարցում փոխարինել Բաքվին

Հայաստանի տարածքով երթուղին կարող է ադրբեջանական ճանապարհների այլընտրանք դառնալ իրանական արտադրանքը Սևծովյան տարածաշրջանի երկրներ և Ռուսաստան արտահանելու համար: Այս մասին «Հայք–Իրան. հազարամյա հարևանություն» միջազգային համաժողովում հայտարարեց իրանական FPS ընկերության գլխավոր տնօրեն Մուստաֆա Թալեպբուրը:

Նրա խոսքով՝ Իրանը Ռուսաստան է մատակարարում հիմնականում կաթնամթերք և գյուղատնտեսական ապրանքներ։ Հիմնական փոխադրումներն անցնում են Ադրբեջանի տարածքով, սակայն սահմանին պարբերաբար խնդիրներ են առաջանում, որոնց պատճառով իրանական բեռնատարներն ուշանում են։

«Հաշվի առնելով աշխարհագրական դիրքը՝ Հայաստանն Իրանի համար կարող է դառնալ կայուն և անվտանգ տարանցիկ գործընկեր», - նշեց Թալեպբուրը:

Նա նաև ընդգծեց` Սուեզի ջրանցքի շուրջ անկայունության ֆոնին Հայաստանը կարող է կարևոր տեղ ստանալ «Հյուսիս–հարավ» միջանցքում, ինչպես նաև ուղի դառնալ Միջին Ասիայից, Չինաստանից և Հնդկաստանից ապրանքները եվրոպական շուկա դուրս գալու ուղի:

Բացի այդ, նրա խոսքով, Հայաստանը «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի առանցքային օղակ է։

Թալեպբուրն այդ ծրագրի իրագործման հիմնական խոչընդոտ է համարում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու ադրբեջանա-թուրքական նախաձեռնությունը։

Sputnik Արմենիա