Փորձագետ․ Իրանը պատրաստ է ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանին

Հայաստանն ու Իրանը կարող են համագործակցություն հաստատել զենքի մատակարարման, հետախուզական տվյալների փոխանակման և անվտանգության այլ ասպեկտներում։ Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման» հիմնադրամի ղեկավար Պույա Հոսեյնին։

«Իրանը պատրաստ է նման աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Երրորդ կողմերը, որոնք խոչընդոտում են նման համագործակցությանը (դրանք կարող են լինել արևմտյան երկրները կամ այլ երկրները) չպետք է միջամտեն մեր հարաբերություններին»,- նշել է նա։

Հոսեյնին հիշեցրել է, որ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 300 միլիոն դոլարից հասել է 700 միլիոն դոլարի։

«Երկու երկրներն էլ մտադիր են այդ թիվը նախ հասցնել 1 միլիարդ դոլարի, իսկ հետո՝ 3 միլիարդ դոլարի»,- ընդգծեց փորձագետը։

News.am