Հայ գերիների «դատը» Բաքվում. «հարցաքննել» են Արցախի ԱԺ նախագահին

Բաքվում ղարաբաղյան ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» հերթական նիստին «հարցաքննվել» է Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դավիթ Իշխանյանն իբր հայտարարել է, թե ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ինքը ՝ որպես գումարտակի հրամանատար, ենթարկվել է Մոնթե Մելքոնյանին, իսկ բանակի հրամանատարն այն ժամանակ եղել է Սամվել Բաբայանը: Մեջբերվում է նրա «խոստովանությունը», որ նա կռվել է ադրբեջանցի զինծառայողների դեմ Մարտակերտում, Մարտունիում, Քարվաճառում և Աղդամում։

Նրան վերագրվում են խոսքեր այն մասին, որ 90-ականների իրադարձությունների ռազմավարական նպատակը «Ղարաբաղը Հայաստանին միացնելն էր»։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 4-ին:

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:

Sputnik Արմենիա