Երևանում բացվել է Ռուսական կինոյի փառատոնը
Երևանում` «Կինոմոսկվայում» «Խորհրդային Միության սերը» ֆիլմի ցուցադրությամբ բացվեց Ռուսական կինոյի փառատոնը: Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, որին սիրում էին ողջ հետխորհրդային տարածքում։
Փառատոնն անցկացվում է ապրիլի 3-5-ը, կազմակերպիչը «Ռոսկինո»-ն է` Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։
Ռոսկինոյի գլխավոր տնօրեն Էլզա Անտոնովան ողջույնի խոսք է հղել փառատոնի մասնակիցներին և հյուրերին:
«Մեր փառատոնի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Հայաստանում այլ պետությունների դեսպաններ, հայկական կինոարտադրության, ստեղծագործական և գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ: Դա հաստատում է մշակութային ոլորտում համագործակցության զարգացման մեծ ներուժը, միջպետական գործընկերության և երկխոսության կարևորությունը»,-ասված է նրա ուղերձում:
Անտոնովան վստահություն է հայտնել, որ այդ հետաքրքրությունը կնպաստի կինոյում և անիմացիայում համատեղ նախագծերի ստեղծմանը, ռուսական և հայկական ֆիլմերի դիստրիբուցիայի փոխադարձ զարգացմանը:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում փառատոնի անցկացումը կարևոր իրադարձություն է համարել Երևանի և Հայաստանի մշակութային կյանքում, ինչպես նաև ներդրում երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման գործում:
«Փառատոնը նոր էջ է մեր համագործակցության, հումանիտար, մշակութային կապերի ոլորտում։ Միանգամայն վստահ եմ, որ ցուցադրվող ֆիլմերը հանդիսատեսի կողմից շատ լավ, ջերմ արձագանքի կարժանանան»,-ասել է նա։
Նրա խոսքով` ռուսական և հայկական կինեմատոգրաֆի փոխգործակցությունը վաղեմի պատմություն և խոր արմատներ ունի: Նա հիշեցրել է խորհրդային շրջանի բազմաթիվ ֆիլմեր, որոնք արտացոլում են երկու երկրների ժողովուրդների միջև շատ խորը կապը: Համատեղ նախագծեր ու ֆիլմեր կան նաև այսօր։
Ռուսաստանի Կինեմատոգրաֆի և մշակույթի թվային զարգացման վարչության տեղակալ Աննա Տերեխովան բացմանը նշել է, որ այս տարվա փառատոնի ծրագրում ընդգրկվել են ռուսական կինոյի նորույթները:
«Այս տարի ռուսական կինոյի փառատոններն անցկացվում են Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի հովանու ներքո։ Ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում Հայաստանի ժողովրդի ներդրումը դժվար է գերագնահատել, ուստի մենք ձեզ ցույց կտանք նաև երկու պատերազմական դրամա` «Պոդոլսկի կուրսանտները» և «Առաջին Օսկարը»,-ասել է նա:
«Ռուսական կինոյի փառատոն Հայաստան 2025» ծրագրում ընդգրկվել է հինգ ֆիլմ։ Դրանց թվում է «Օգնիվո» հեքիաթային ընտանեկան բլոկքբասթերը (ռեժ.` Ալեքսանդր Վոյտինսկի)` Հանս Քրիստիան Անդերսենի հայտնի հեքիաթի մոտիվներով, ինչպես նաև «Սովետական Միության սերը» պատմական մելոդրաման (ռեժ.` Նիկիտա Վիսոցկի, Իլյա Լեբեդև)` ժամանակի պատմություն` պատմված զգացմունքի պատմության միջոցով, ինչպես ֆիլմի մասին ասում են այն ստեղծողները։ Երկու ֆիլմն էլ կինովարձույթի առաջատարներից են եղել 2024 թվականին։
Հայաստանում կինոդիտումների ծրագիրը ներառում է նաև երկու պատերազմական դրամա` «Պոդոլսկի կուրսանտները» (ռեժ.` Վադիմ Շմելև), որը պատմում է 1941 թվականի հոկտեմբերին Մոսկվայի մերձակայքում երիտասարդ կուրսանտների սխրանքի մասին։ Ֆիլմն ավելի քան 30 մրցանակ է ստացել ռուսական և միջազգային կինոփառատոններում։ Ֆիլմի ցուցադրման իրավունքները վաճառվել են Ճապոնիային, Հարավային Կորեային և մի շարք այլ երկրների:
«Առաջին Օսկարը» (ռեժ.` Սերգեյ Մոկրիցկի») նույնպես իրական դեպքերի վրա հիմնված ֆիլմ է։ Հանդիսատեսը կտեսնի ԽՍՀՄ պատմության մեջ առաջին «Օսկարը» ստացած ֆիլմի` «Գերմանական զորքերի պարտությունը Մոսկվայի մերձակայքում» վավերագրական ժապավենի ստեղծման պատմությունը։
Հիշեցնենք, որ «Ռոսկինոն» մշակույթի նախարարության աջակցությամբ 2022-2023 թվականներին Հայաստանում կազմակերպել է ռուսական կինոյի փառատոններ: Այդ միջոցառումների շրջանակում ցուցադրվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Չեբուրաշկա», «Միսթր նոկաուտ», «Սուսերով պարը», «Հանցակիցները», «Մայաների օրացույցը», «Ֆիննիկ», «Շչելկունչիկը և կախարդական սրինգը», «Կրակ», «Նիկա», «Բոբո. իմ սիրած հրեշը» և այլն։
Sputnik Արմենիա