ԳԼԽԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԸ
54 երկրներ և 9 միջազգային կազմակերպություններ շնորհավորեցին Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ: Ռեժիմի վերնաշերտը շռնդալից տոնում էր «դիվանագիտական հաջողությունը», մինչև որ շնորհավորանքներին հաջորդեցին ադրբեջանական դիրքերի գնդակոծման Բաքվի հնչեցրած կեղծ մեղադրանքները։
ՀՀ ՊՆ 13 հերքումներին հաջորդեց հայկական սահմանամերձ գյուղերի բազմօրյա գնդակոծությունը՝ Սոթքից մինչև Խոզնավար։ Այնուհետ ադրբեջանական կողմը հորինեց հեքիաթը հայկական դրոնների մասին, որոնք, իբր, հետախուզական աշխատանք են իրականացնում, և նշանառությամբ գնդակոծեց սահմանամերձ գյուղերից մեկը: Արդյունքում ժողովուրդը հասկացավ, որ ռեժիմի վերնաշերտի խաղաղ բանակցությունները համատարած կեղծիք են, իսկ խաղաղ գործընթացը գոյություն ունի միայն Փաշինյանի և նրա քարոզչամեքենայի երևակայության մեջ։ Չի կարող լինել խաղաղության համաձայնագրի 100% համաձայնեցված տեքստ՝ կեղծ մեղադրանքների և գնդակոծությունների տեսքով «հավելվածով»։
Իրականում Ալիևը պահանջում է կատարել այն պայմանավորվածությունները, որոնք դուրս են համաձայնագրի շրջանակներից. նոր Սահմանադրության տեքստից մինչև միջազգային դատարաններից հայցերի հետկանչ, Մինսկի խմբի լուծարումից մինչև բանակի զինաթափում, այսպես կոչված 300 հազար ադրբեջանցի «փախստականների» վերադարձից մինչև սահմանամերձ գոտում երրորդ ուժերի ներկայության բացառում։
Հենց այն ժամանակահատվածում, երբ բանակցություններ էին ընթանում հայցերի փոխադարձ հետկանչի շուրջ, Ադրբեջանը Հաագայի արբիտրաժային դատարան նոր հայց ներկայացրեց ՀՀ-ի դեմ։ Խոսքը շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման դիմաց փոխհատուցման մասին է։ Սա արդեն երկրորդ հայցն է մեր երկրի դեմ։ Առաջինը բովանդակում էր ՀՀ-ից ֆինանսական փոխհատուցման պահանջ՝ «Լեռնային Ղարաբաղի էներգետիկ ռեսուրսների ապօրինի շահագործման և ՀՀ էլեկտրաէներգիա արտահանելու համար»։ Իսկ Հայաստանը արբիտրաժային դատարանում ոչ մի պահանջ չունի Ադրբեջանից։
Ոչ այնքան վաղուց Եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը իշխանության հեռուստաալիքներից մեկի եթերում ստեց, թե Թուրքիան առաջիկա օրերին կբացի սահմանը։ Վերջերս Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրեց Մարգարայի սահմանային հատվածն ու մաքսակետը։ Ռեժիմի քարոզչամեքենան թափանցիկ ակնարկում էր, թե սահմանը շատ շուտով կբացեն։ Բացեցին միայն Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու համար։ ԵՄ-ն ողջունեց Մարգարա-Ալիջան կետի ժամանակավոր բացումը։
Նախագծի ղեկավար Օսման Բեշերեկը վերջերս հաստատեց Կարսից ու Իգդիրից դեպի Նախիջևան երկաթուղային հաղորդակցության կառուցման ծրագրերը, որը հեռանկարում ինտեգրվելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին: Թուրքիան միլիոնավոր դոլարներ է հատկացրել Հայաստանը շրջանցող երկաթուղային հաղորդակցության կառուցման համար։ Այդ ծրագրերը հիմնավորապես խաչ են քաշում Փաշինյանի «խաղաղ խաչմերուկի» վրա, որը ենթադրում էր ՀՀ տարածքի վերածում Արևմուտքի ու Արևելքի, հյուսիսի և հարավի միջև ենթակառուցվածքային հանգույցի։ «Խաղաղության խաչմերուկը» անկենսունակ ծրագիր է, որով Փաշինյանը թլսորում էր սեփական քաղաքացիների և միջազգային հանրության ուղեղը։ Հանրությունը, ի տարբերություն մտածող, քաղաքականացված հայ հասարակայնության, ձևացնում էր, թե լուրջ է ընդունում այդ ծրագիրը։
ԲԱՔՈՒՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՆ ԲԱՑ ՏԵՔՍՏՈՎ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ՊԵՏՔ Է ՍՅՈՒՆԻՔԸ՝ ՈՒՂԻՂ ԿԱՊ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ Սյունիքի անջատումը կվերածի Հայաստանի մնացած հատվածն արտաքին ագրեսիայի մշտական օբյեկտի։ Ալիևն ու Էրդողանը չեն խոստացել Փաշինյանին, թե խաղալու են նրա «խաղաղության խաչմերուկ» խաղը։ Նույնիսկ ամենահիմար ոզնուն է հասկանալի, որ եթե Էրդողանը ցանկանար բացել Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցությունը, ապա վաղուց արած կլիներ դա, բայց նա սահմանի բացման ծրագրեր չունի, ինչպես որ «կառուցողական տրամադրված» Ալիևը չունի խաղաղության համաձայնագիր ստորագրելու ծրագրեր։ Այս մասին «Գոլոս»-ը տեղեկացրել է իր լսարանին մարտի 13-ի բանակցությունների ավարտից անմիջապես հետո։
Փաշինյանի հրաժարումը 1915թ. Ցեղասպանության փաստի միջազգային ճանաչումից և դատապարտումից՝ որպես ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություն, ինչպեսև Ղարաբաղյան շարժումից հրաժարումը, տևական խաղաղության չհանգեցրին։ Իրականում ցեղասպան պետությունների հետ խաղաղությունն անհնար է, հատկապես այն դեպքում, երբ նրանք չեն թաքցնում Հայաստանը որպես պետություն ոչնչացնելու իրենց ծրագրերը: Ի լրումն ամենի, մարտին ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանը ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում խոստովանել է, որ սահմանազատման աշխատանքները դադարեցվել են, չնայած սահմանի կոնկրետ հատվածների վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված համաձայնություններին։ Եվ այս ուղղությամբ էլ իշխող ռեժիմը ձախողում արձանագրեց...
Այն մասին, որ 7 տարվա ընթացքում «ժողովրդավարության բաստիոնը» վերափոխվել է ցուցադրական քաղաքական բռնաճնշումների ռեժիմի, խոսում են բոլորը։ Փաշինյանի քաղաքական մրցակիցների նկատմամբ հաշվեհարդարներին ՀՀ քաղաքացիներն ականատես են ամեն օր՝ իրական ժամանակի ռեժիմով։ Բռնաճնշիչ ապարատի սաստկացմանը զուգահեռ նվազում է քաղաքացիների բարեկեցության մակարդակը։ Հարկային ոլորտում վերջին նորամուծությունները հանգեցրին փոքր բիզնեսի փակման, արդեն իսկ տխուր վիճակագրություն կա Շիրակի մարզի վերաբերյալ։
Ռեժիմը վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը՝ դե ֆակտո հիմք դնելով ԵԱՏՄ-ից Հայաստանի ելքի համար, ինչը սահմանակից է տնտեսական կոլապսի: ԵՄ-ին ինտեգրվելու Նիկոլի զառանցալի գաղափարը՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պահպանումով, կարող է փլուզել պետության ողջ տնտեսական բաղադրիչը։
Ժողովուրդն աղքատանում է՝ իշխող վերնաշերտի աննախադեպ արագ հարստացման խորապատկերին։ Նրանք, ովքեր 7 տարի առաջ ապառիկ լվացքի մեքենա ու հեռուստացույց էին գնում, այսօր բացահայտ քամահրանք են ցուցաբերում ժողովրդի նկատմամբ։ ԱԺ նախագահը թքում է քաղաքացու դեմքին, որին թևերից բռնած պահում են իր թիկնապահները, քաղաքապետի հայրը «համբալներ» է անվանում «Օպել» մակնիշի էժանագին ավտոմեքենաների տերերին, ինքը՝ քաղաքապետը ոչ կոռեկտ արտահայտություններ է թույլ տալիս ազգային փոքրամասնության ներկայացուցիչների հասցեին…
Ռեժիմի վերնաշերտը մտել է սեփական ժողովրդի հետ բաց առճակատման փուլ, որը 7 տարվա ընթացքում վերջնականապես ազատվել է պատրանքներից։ Մարդիկ չեն հավատում Փաշինյանի ոչ մի բառին։ Այսօր բոլորը՝ պրոֆեսորից մինչև դռնապան, գիտեն, որ հայկական նոր Սահմանադրության տեքստը գրում են Բաքվում։ Մարդիկ քննադատում են քաղաքական ուժերին իշխող ռեժիմի հրաժարականին հասնելու անկարողության համար։ Զանգվածները կուսակցությունների առջև դնում են հստակ ձևակերպված պատվեր. ազատել երկիրը կապիտուլյանտից և նրա անկշտում ոհմակից։ Ջախջախիչ ձախողում է արձանագրվում պետական կյանքի բոլոր ուղղություններով, ռեժիմի ձգձգված հոգեվարքը վտանգում է Հայաստանի՝ որպես պետության հետագա գոյությունը...
Կառավարման 7 տարիները կասկածի նշույլ անգամ չեն թողել, որ Փաշինյանը վարում է հայոց պետականությունը ոչնչացնելու նպատակաուղղված քաղաքականություն։ Այդ գործընթացը կարելի է կասեցնել միայն նրա անհապաղ հրաժարականի միջոցով։ Սա պետականության պահպանման գլխավոր պայմանն է, իսկ հապաղումը հավասար է մահվան. չէ որ ոչ ոք չգիտի, թե ինչով կավարտվի Սյունիքի հերթական գնդակոծությունը…