Պրիմակով․ «Ռուսական տան» կենտրոններ կարող են բացվել ՀՀ մի շարք քաղաքներում

Ռոսսոտրուդնիչեստվոն նախատեսում է Հայաստանի մի շարք քաղաքներում «Ռուսական տան» տեղեկատվական կենտրոններ բացել։ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Եվգենի Պրիմակովն այդ մասին հայտարարեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ։

«Մենք մասնաճյուղեր ունենք Երևանում և Գյումրիում։ Աշխատում ենք Վանաձորում, Իջևանում, Կապանում տեղեկատվական կենտրոններ բացելու ուղղությամբ։ Դա ԱԳՆ–ի հետ պետք է համաձայնեցվի», – ասաց Պրիմակովը։

Նրա խոսքով` տարեկան 280 երիտասարդ է սովորելու նպատակով Հայաստանից մեկնում Ռուսաստան. Պահանջված են հատկապես բժշկական մասնագիտությունները։

Պրիմակովը բարձր գնահատեց «Ռուսական տան» աշխատանքը Երևանում՝ նշելով, որ Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը հանրապետությունում ֆանտաստիկ նախագծեր է իրականացնում։

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերին Վանաձորում բացվեց «Ռուսական տան» (Ռոսսոտրուդնիչեստվո) արտադպրոցական կրթության կենտրոնը։