Ռուզաննա Ստեփանյան․ Ոչ վարչապետը, ոչ որևէ մեկը իրավունք չունի տղաների հայցերը հետ կանչի ՄԻԵԴ-ից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոչ վարչապետը, ոչ որևէ մեկը իրավունք չունի տղաների հայցերը հետ կանչի ՄԻԵԴ–ից: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, կառավարության դիմաց անհետ կորած զինծառայողների ծնողների լուռ բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Համահայկական ճակատ» շարժման անդամ, «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանը։
«Եվրոդատարանում մենք այսօր ունենք ավելի քան 80 տեսանյութ, որոնք ապացուցված են, որ այդ տղաները գերեվարվել են ադրբեջանցի ասքյարների կողմից և հիմա այդ հայցերը դրված են հարցականի տակ: Եթե այս կառավարությունը հետ է կանչում նաև այդ հայցերը, այս մարդիկ մնում են ձեռնունայն և որևէ մեկից ոչինչ պահանջել չեն կարող:
Վերջին շրջանում մի քիչ տեղաշարժ եղավ, Եվրամիությունում բանաձև ընդունեցին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը մեր այս վերջին շրջանի ակտիվության ֆոնին կարծես թե ինչ-որ բան տեղից շարժվում էր և հանկարծ կառավարությունը այստեղից հայտարարեց, որ այս ծնողների երեխաների հայցերը հետ են կանչելու: Ես կարծում եմ՝ որևէ մեկը, լինի երկրի վարչապետ, թե մեկ այլ անձ, իրավունք չունիհետ կանչել հայցերը: Դա մարդու իրավունքի կոպիտ խախտում է որևէ մեկի հայցը Եվրոպական դատարանից հետ բերելու, որովհետև այդ տղաները առաջին հերթին այս ընտանիքների անդամներն են եղել, մեր պետության զինվորներն են եղել»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ նմանատիպ հայցեր ադրբեջանական կողմն էլ ունի ընդդեմ Հայաստանի և խաղաղության պայմանագիր կնքելու համար դրանք պետք է հետ կանչվեն, Ռուզաննա Ստեփանյանն ասաց. «Ադրբեջանը այդպես հստակ չի ասել, թե իրենք վերջին պատերազմից հետո քանի անհետ կորած ունեն, որովհետև մենք տեսանք, որ հայկական կողմը ամենավերջին մարդասպանին էլ հանձնեց Բաքվին: Ի՞նչ անհետ կորածների մասին է խոսքը, որևէ այնտեղ տեսե՞լ եք նման ակցիաներ, տեսե՞լ եք դժգոհության ալիք, այնտեղ կարծես թե այդ հարցը վերջնականապես լուծված է: Ադրբեջանը ամեն օր կարող է նոր պահանջներով դիմել և մերոնք փաստացի ուզում եմ որ ընդամենը այդ սողացող խաղաղության թուղթը կարողանան ստորագրել»:
Անդրադառնալով այսօրվա ակցիայի նպատակին, նա ասաց. «Ծնողների հետ պայմանավորվեցինք, որ լռության ակցիա ենք իրականացնելու, որովհետև այս ծնողները այսօր ուզում էին փարվել իրենց տղաներին, գրկել, ստանալ իրենց տղաների ծաղկեփունջը: Այս մարդիկ այս օրով ուզում էին իրենց տղաներին գրկեին պարզապես: Նամակներ հանձնել ենք, շատ ենք հանձնել՝ ՄԱԿ, դեսպանատներ: ՄԱԿ-ում որոշակի աշխատանքներ կատարվել է, առաջիկայում նաև հանդիպում կլինի, մնացածը ավելի բաց կխոսենք, նաև ԵՄ գրասենյակի մոտ ենք լինելու առաջիկայում»:
News.am