Իրանի ԱԳՆ․ Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել

Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ որևէ պարագայում մտադիր չէ միջուկային զենք ստեղծել, այդպիսին է Իրանի արտաքին քաղաքական ռազմավարությունը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Նրա հայտարարությունը հնչել է ի պատասխան Իրանի պատգամավոր Մոհամմադ Քասիմ Օսմանիի՝ միջուկային զենք ստեղծելու մասին առաջարկի, որպեսզի հավասար բանակցություններ վարվեն Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ:

«Միջուկային խնդրի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը բացարձակ թափանցիկ է։ Այն բազմիցս հնչեցվել է հենց այս ամբիոնից։ Իր վերջին գրառմամբ երկրի ԱԳ նախարարը հստակ նշել է, որ Իրանը երբեք և ոչ մի պարագայում չի ձգտել միջուկային զենք ունենալ: Այս հարցը մեր ռազմավարության և համոզմունքների մի մասն է և հիմնված է Գերագույն առաջնորդի որոշման վրա», - հայտարարել է Բաղային։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանին սպառնացել է «աննախադեպ ռմբակոծություններով», եթե այդ երկրի հետ համաձայնություն ձեռք չբերվի: Միևնույն ժամանակ, նա բազմիցս ընդգծել է, որ կնախընտրեր կնքել «վերիֆիկացված» միջուկային գործարք, որը թույլ կտա Իրանին խաղաղ զարգանալ: Մարտին Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որում կրկին բանակցությունների պատրաստակամություն է հայտնել՝ մատնանշելով երկու հնարավոր ուղի՝ դիվանագիտական և ռազմական: Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ նամակում նոր գործարքի կնքման ժամկետ է նշվել երկու ամիսը։

Թրամփի նամակի պատասխանը փոխանցվել է մարտի 27-ին Օմանի միջոցով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ Թեհրանը բացառում է ուղիղ բանակցությունների հնարավորությունը՝ երկխոսության հնարավորություն դիտարկելով միայն երրորդ երկրների մասնակցությամբ:

Իրանի և 6 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) միջև միջուկային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին: Այն նախատեսում էր Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց պատժամիջոցների վերացում։ 2018-ի մայիսին Դոնալդ Թրամփի վարչակազմը դուրս եկավ գործարքից և վերսկսեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը սկսեց փուլ առ փուլ հրաժարվել ստանձնած պարտավորություններից՝ ներառյալ ուրանի հարստացման սահմանափակումների վերացումը։

Sputnik Արմենիա