Ճապոնիայում հունիսի 1-ին կբացվի «Թումո» կենտրոն

Տաշքենդում անցկացվող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի պատվիրակության ղեկավար Սեկի Յոշիհիրոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Հակոբ Արշակյանը շեշտել է, որ Ճապոնիան Հայաստանի կարևոր գործընկերներից է, և Հայաստանը շահագրգռված է բազմաբևեռ համագործակցության խորացմամբ` այդ շրջանակում դիտարկելով նաև միջխորհրդարանական կապերի զարգացումը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է տնտեսական համագործակցությունը, անդրադարձել JAPAN 2025 ցուցահանդեսին, «Օսակա ԷՔՍՊՈ»-ին ՀՀ մասնակցությանը, որը նոր հնարավորություն կստեղծի գործարար կապերի ամրապնդման համար:

ԱԺ փոխխոսնակն ուրախությամբ փաստել է, որ Ճապոնիայում հունիսի մեկին պաշտոնապես կբացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը` վստահություն հայտնելով, որ այն կծառայի ճապոնացի հազարավոր պատանիների վերապատրաստմանն ու նոր շունչ կհաղորդի երկու երկրների միջև համագործակցությանը կրթության ոլորտում:

Սեկի Յոշիհիրոն կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու պատրաստակամություն հայտնել աջակցելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին օգնություն տրամադրելու հարցում:

Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային հարցերի, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ և հանդիպման ավարտին գործընկերոջը հրավիրել Հայաստան:

ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը: