Եթե 25 երթուղին հանեն, պռոշյանցիները կփակեն Երևան-Աշտարակ խճուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչներն այսօր՝ ապրիլի 7-ին, հավաքվել են կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ և պետք է հանդիպեն ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ:

 


Նրանք բողոքում են տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ։ Նշենք, որ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը 250 և 200 դրամ արժեքով։

Երկու օր առաջ այս երկու բնակավայրերի բնակիչները փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը և երկար ժամանակ փակ էին պահել: Ի վերջո ճանապարհը բացվեց, քանի որ նրանց խոստացան՝ մինչև հարցի լուծումը կգործի թիվ 25 համարի երթուղին:

Այսօր փոխնախարարի հետ հանդիպման ժամանակ բնակիչներից Մարիամ Պետրոսյանն ասաց, որ որևէ ակնկալիք չունի այս հանդիպումից. «Չեմ կարծում, որ դրական պատասխան կլինի, բայց մենք պատրաստ ենք մինչև վերջ գնալ: Այն մարդիկ, որոնք ինձ խնդրել են, որ ներկայացնեմ իրենց ասել են, որ իրենք մինչև վերջ են գնալու, պայքարելու են, որ 25 համարի երթուղին մնա, և նույն երթուղին լինի, այսինքն Երևանով հասնի Ազատության պողոտա և Հաղթանակի զբոսայգի: Պռոշյանցիների պահանջը տեղին է: Պռոշյանը շատ մոտ է Երևանին, ճանապարհն էլ արագընթաց է, հետևաբար վառելանյութի ծախսն է քիչ: Օրինակ, Պռոշյան գնացող տրանսպորտի ծախսը համեմատելի չէ ՀԱԹ գնացող կամ Նորքի Զանգված գնացող տրանսպորտի ծախսի հետ:

Երթուղին հանելու հիմնավորումն այն է, որ Պռոշյանը Կոտայքի մարզի մեջ է մտնում: Եթե առաջ հարակից գյուղերը սպասարկել է «Երևանտրանսը», հիմա ասում են՝ ոչ, դուք մարզ եք, գյուղացի եք: Պռոշյանը միշտ տրանսպորտով ուղիղ կապ է ունեցել Երևանի հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե այս սոցիալական հարցը չլուծվի, գուցե նաև վերածվի քաղաքական հարցի:

Մարիամ Պետրոսյանը նաև ընդգծեց, որ իրենց ասել են, որ 25 համարի երթուղին կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունն իրենց չի պատասխանել. «Իրենք իրավունք չունեն սահմանափակել մեր տեղաշարժի իրավունքը: Հիմա այսօր 25 հոգանոց խումբը պետք է հանդիպի ՏԿԵ փոխնախարարի հետ: 15-ը Պռոշյանից են, 10-ը՝ Քասախից:

Մենք դեմ չենք, որ Գաիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտիտրանսպորտ» ընկերության «Գազելները» Պռոշյան գան, բայց դա պետք է լնիի 25 երթուղուն զուգահեռ, ոչ թե փոխարինեն նրան: Եթե մեզ լղոզված պատասխան տան, բնակիչներն ինձ ասել են, որ պատրաստ են պայքարը շարունակել և դա կլինի կամ Երևան-Աշտարակ խճուղին փակելը կամ խճուղու մեջտեղով քայլելով կգան Երևան»:

News.am