Երևանում շտապօգնության ավտոմեքենայի վթարից տուժած բժիշկը մահացել է, բուժքրոջ վիճակը ծանր է
Երևանում շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով տուժած անձանցից մեկը մահացել է հիվանդանոցում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր` Երևանի Թամանցիների փողոցում` մետրոյի «Գործարանային» կայարանի հարևանությամբ, շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գուտուց և բախվել էլեկտրասյանը, 3 անձ տեղափոխվել հիվանդանոց։
Ավանեսյանը տեղեկացրել է, որ վթարի հետևանքով մահացել է շտապօգնության բժիշկը։
«Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան: Ցավոք, բժիշկը մահացել է։ Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր»,– գրել է Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ բժիշկը 1957 թ․ ծնված Հասմիկ Ղազարյանն էր։
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ հայտնում է, որ բժիշկը նստած է եղել վարորդի կողքին և ամրագոտիով ամրակապված չի եղել։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Sputnik Արմենիա