Փաշինյանի ամբողջ գործունեությունը միտված էր Արցախը Ադրբեջանին հանձնելուն․ Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանն Արցախը համարում է Հայաստանը վերահսկելու գործիք, Հայաստանի վզին գցած թոկ․․․ իսկ թոկը պետք է կտրել. նրա ամբողջ գործունեությունը միտված էր «թոկը» կտրելուն՝ Արցախը Հայաստանից պոկելուն ու Ադրբեջանին հանձնելուն, այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ըստ նրա՝ հենց այս պատճառով Փաշինյանը վիժեցրեց բանակցային գործընթացը՝ նախ պահանջելով փոխել բանակցությունների ձևաչափը, իսկ հետո սպառնաց վերանայել ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի ներկայացրած կարգավորման սկզբունքները։
«Նիկոլը 2019 թվականի հունիսին մերժեց կարգավորման վերջին առաջարկը։ Բանակցությունները մտան փակուղի։ 1998-ից հետո բոլոր առաջարկները մերժել էր Ադրբեջանը, իսկ 2019 թվին դա արեց Նիկոլը։ Բանակցությունները վիժեցնելուց հետո պաշտոնական Երևանը սաստկացրեց հռետորաբանությունը («Արցախը Հայաստան է և վերջ», «Նոր պատերազմ նոր տարածքների համար», և այլն)։
Հետո 2020 թվականի հուլիսյան բախումը Տավուշում ու դրա հերոսացումը Սարդարապատում։ Նիկոլը չէր կարող չհասկանալ, թե այդ «հերոսացումն» ինչ հետևանք կարող էր ունենալ։ Ու պատերազմ ու պարտություն, նոյեմբերի 9-ի փաստաթուղթ ու Արցախի նկատմամբ պատասխանատվության ուրացում։ Որևէ փաստաթղթով նախատեսված չէր, որ ՀՀ զինված ուժերը պետք է Արցախի Հանրապետության տարածքից դուրս գային։ Ինքը հանեց, հանեց դեմոնստրատիվ։ Որևէ քայլ չձեռնարկեց, որ Արցախի շրջափակումը վերացվեր։ Մանր-մունր, անիմաստ ու անօգուտ վախվորած հայտարարություններ։
Իսկ 2022-ի հոկտեմբերին դավաճանեց Արցախին՝ ապօրինաբար ճանաչելով Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամբ։ Նույնը կրկնեց 2023-ի մայիսին։ Իսկ նույն տարվա սեպտեմբերին, 1988 թվականից ի վեր, առաջին անգամ, Արցախը մնաց մենակ։ Հյուծված ու լքված հերոսական Արցախը թուրքի դեմ մնաց մենակ։ «Թոկը» կտրվեց։ Արցախը հայաթափվեց ու բռնակցվեց Ադրբեջանին։ Բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չփորձեր իր դավադրությունն այլոց վրա չբարդել։ Թե բա՝ արցախցիները չբանակցեցին․․․ ադրբեջանցիները հարձակվեցին, երբ Եվլախում բանակցություններ էին ընթանում։ Արցախում հեղաշրջում եղավ․․․ Լու՞րջ։ Նույնիսկ հեղաշրջվածը դա հեղաշրջում չէր համարում։
Ու որ վերջնականապես փակեն Արցախի էջը, անընդհատ Արցախի Հանրապետության նախագահի ինչ-որ հրամանագրի մասին են բարբաջում։ Տեսե՞լ եք այդ թուղթը։ Ոչ ոք չի տեսել։ Արցախի Հանրապետության նախագահը ստիպված էր այն ստորագրել, որ ադրբեջանցիք չմտնեին խաղաղ քաղաքներ ու գյուղեր, որ զոհերի թիվը հազարների չհասներ։ Կանխավ առ ոչինչ, որևէ իրավական հիմք չունեցող թղթով տասնյակ հազարավոր մարդիկ փրկվեցին ու հասան Հայաստան»,- Facebook-ում գրել է նա։
Խաչատրյանն ընդգծել է՝ հիմա Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն այդ թղթի վրա են հղում կատարում՝ «արդարացնելու իրենց դավադրությունը»։
«Եթե Արցախի մասին մտածեին, այլ ոչ թե «թոկը» կտրելու գնով իշխանությունը պահելու, այդ թղթի իրավազորությունը կվիճարկեին, հենց վերջին արցախցին անցներ Հակարիի կամուրջը։ Չարեցին։ Չարեցին, որովհետև իրենց նպատակն Արցախը պահելը չէր․․․»,- հավելել է պատգամավորը։
Verelq.am