«Հայրենիք» կուսակցություն․ ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառվում է

«Մեր քաղաքը» դաշինքը ձևավորվել է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցությունների միջև՝ Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորել է Մարտուն Գրիգորյանը։ Քարոզարշավի ողջ ընթացքում դաշինքի մաս կազմող կուսակցությունները լիովին աջակցել են Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ կազմված ավագանու ցուցակին՝ ներդնելով հնարավոր բոլոր ջանքերը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցությունը:

««Հայրենիք» կուսակցության տեսակետը արտահայտված է և համահունչ է Մարտուն Գրիգորյանի հրապարակային հայտարարությանը՝ Վարդան Ղուկասյանին համայնքի ղեկավար ընտրվելու նպատակով քվեներ ապահովելու, ՔՊ վերարտադրությունը Գյումրիում թույլ չտալու մասին։

Կուսակցությունը հայտարարում է՝ ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառվում է։

Ինչ վերաբերում է դաշինքի մաս կազմող մյուս կուսակցության ղեկավարի հայտարարությանը, ապա այն հնչել է որպես մասնավոր կարծիք և չի արտահայտում դաշինքի պաշտոնական տեսակետը։

Մենք այն համոզմանն ենք, որ օրվա իշխանություններին օր առաջ Գյումրիում և ողջ Հանրապետությունում իշխանազրկելը բխում է հայ ժողովրդի անվտանգության, համախմբվածություն և համերաշխության ապահովման գերակա շահերից»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ կիրակի Հ1-ի եթերում «Մեծ բանավեճ»-ի ժամանակ «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը հայտարարել էր, որ ՔՊ-ն պետք է քաղաքապետի թեկնածու չառաջադրի և պետք է այնպես անել, որ ավագանու նիստում լինեն տարբեր թեկնածուներ և գուցե հենց Մարտուն Գրիգորյանն է ընտրվում:

Նշենք, որ Գյումրիի ավագանու ընտրություններում ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանն ստացել է 14 մանդատ, Վարդան Ղուկասյանը՝ 8 մանդատ, Մարոտւն Գրիգորյանը՝ 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը՝ 3 մանդատ և «Մայր Հայաստանից» Կարեն Սիմոնյանը՝ 2 մանդատ: ՔՊ-ից բացի մյուս ուժերը հայտարարել են, որ կաջակցեն, որ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ:

News.am