ԱՄՆ էներգետիկայի նախարար․ Իրանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ կլինեն, եթե գործարքը չկայանա
ԱՄՆ-ն ավելի խիստ պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ, այդ թվում՝ նավթային ոլորտին վերաբերող, եթե Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքը չկայանա: Այս մասին, Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։
«Անկասկած, ես շատ կոշտ պատժամիջոցներ կսպասեի Իրանի դեմ և հույս կունենայի, որ դրանք կստիպեն նրան հրաժարվել իր միջուկային ծրագրից»,-ասել է նա CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կգնա Թեհրանի դեմ պատժամիջոցների ուժեղացման՝ կողմերի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի բացակայության դեպքում։
Ռայթի խոսքով՝ ԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Թեհրանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել է Վաշինգտոնին միջուկային ծրագրի հարցով ուղիղ բանակցություններ վարելու հարցում. բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ: Իր հերթին Թրամփը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնագրեր չկնքեն:
Իրանի և վեց երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) միջև միջուկային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին: Այն նախատեսում էր պատժամիջոցների վերացում՝ իրանական միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց: 2018-ի մայիսին Դոնալդ Թրամփի վարչակազմը դուրս եկավ գործարքից և վերսկսեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը սկսեց փուլ առ փուլ հրաժարվել ստանձնած պարտավորություններից, այդ թվում՝ ուրանի հարստացման սահմանափակումների վերացումից։
Sputnik Արմենիա