Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի դեմ «դատավարության» հերթական նիստը

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ անցկացվող «դատավարության» հերթական նիստը։

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօր դատարանում հարցաքննվել են «տուժողները»։ Նշվում է, որ այսօր Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբան Աբրահամ Բերմանը դիմել են դատարանին՝ դատական նիստի արձանագրություններին ևս մեկ անգամ ծանոթանալու միջնորդությամբ։

Դատարանը հայտնել է, որ նրանց համար պայմաններ կապահովվեն արձանագրություններին ծանոթանալու համար։

Շինծու դատավարության հերթական նիստը նշանակված է ապրիլի 15-ին։

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:

Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19–ից հացադուլ սկսեց, որը դադարեցրեց մարտի 13-ին։

Sputnik Արմենիա