Իշխանություններն առաջարկել են վրանը հեռացնելու դիմաց մեկ ամսով երկարաձգել արցախցիների աջակցության ծրագիրը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն առաջարկել է ևս մեկ ամիս երկարաձգել «40+10» աջակցությունը, բայց նախապայմանով, որ Ազատության հրապարակում տեղադրված վրանը հանենք, հայտնել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։

Նա տեղեկացրել է, որ փոխվարչապետի հետ հանդիպումը կայացել էր ապրիլի 7-ին, քննարկել են հրատապ սոցիալական հարցեր։

«Այսօր խորհրդի անունից պատասխանել ենք, որ նպատակահարմար չենք գտնում (ընդունել առաջարկը – խմբ)։ Բազմաթիվ արցախցիներ գալիս են այստեղ, իրենց կարծիքներն ու մտահոգություններն ենք լսում։ Փորձելու ենք մինչև ապրիլի 15-ը հանդիպումներ կազմակերպել հայաստանյան և արցախյան քաղաքական ուժերի հետ, որից հետո հայտարարելու ենք հանրահավաքի օրվա մասին, և եթե մինչ այդ կառավարությունը դիրքորոշումը չփոխի, անցնելու ենք հստակ գործողությունների»,- ասել է Իսկանդարյանը։

Նա հավելել է, որ փոխվարչապետի կողմից առաջարկ է հնչել միասին ստեղծել փորձագիտական խմբեր՝ բնակարանային ծրագիրը քննարկելու, սոցիալական աջակցության ծրագրերի մասին խոսելու համար։

Իսկանդարյանի խոսքով՝ մեկ ամիսը ողջամիս ժամկետ չէ, և չեն կարող այդ ընթացքում բոլոր խնդիրները դիտարկել և լուծումներ առաջարկել։

«Մենք առաջարկել ենք՝ մինչև տարեվերջ աջակցության ծրագիրը գործի, պատրաստակամ ենք փորձագիտական խմբերի հետ աշխատել»,- նշել է նա։

Խորհրդի ներկայացուցիչը նաև շեշտել է, որ իրենց բարձրացրած խնդիրը միայն սոցիալական չէ, հրապարակված պահանջագիրն ունի 12 կետ, որը ներառում է նաև հավաքական վերադարձի, գերիների խնդիրները լուծելու պահանջ։

«Բայց միաժամանակ քանի որ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել քննարկումներ ունենալ հրատապ հարցերի՝ սոցիալական խնդիրների մասով, մենք համաձայնել ենք։ Բնականաբար մեր պայքարը շարունակվելու և խոսելու ենք Մինսկի խմբի ձևաչափի, արցախցիների իրավունքների մասին։ Բոլոր արցախցիներն ապրում են այն հույսով, որ մի օր վերադառնալու են իրենց ծննդավայրը»,- հավելել է Իսկանդարյանը։

Ապրիլից Հայաստանի իշխանությունները կրճատել էին «40+10» կոչվող ծրագրով բնակվարձի փոխհատուցում ստացող արցախցիների թիվը՝ բացատրելով, որ այդ աջակցությունը «խանգարում է» բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու երկարաժամկետ պետական ​​ծրագրերին։ Այդ որոշման դեմ մարտի 29-ին արցախցիները հանրահավաք էին անցկացրել «Ազատության» հրապարակում, որտեղ պահանջել էին շարունակել բնակվարձի փոխհատուցումը, ինչպես նաև բանակցել արցախցիների հայրենիք վերադարձի, ռազմագերիների ազատ արձակման և բռնի տեղահանվածներին աջակցելու երկարաժամկետ սոցիալական ծրագրերի կազմակերպման շուրջ։ Ազատության հրապարակում հանրահավաքից հետո արցախցիները վրան էին տեղադրել, որտեղ ամեն օր քննարկումներ են անցկացնում։

Armenia Today