Սարիկ Մինասյանին «մի լուրջ» պաշտոն կտան

Չնայած Գյումրիում կրած պարտությանը, ՔՊ-ում արված վերլուծությունների արդյունքում եկել են եզրահանգման, որ վատ արդյունք չեն տվել՝ նախորդ ընտրությունների համեմատ մոտ 10 հազար ավել ձայն են հավաքել, գրում է «Հրապարակը»:

Սակայն, ըստ պարբերականի, Գյումրիում ստացած 36 տոկոսն էլ ոչ այնքան ՔՊ-ի, որքան իրենց թեկնածու Սարիկ Մինասյանի ձայներն են, և եթե ՔՊ հին կազմից որևէ մեկն առաջադրվեր, դա էլ չէին ստանա։

«Սա թերևս հասկանում են նաև ՔՊ վերնախավում, ուստի որոշել են պաշտոնից զրկված, իր կենսագրությունը ՔՊ-ի հետ կապած Սարիկ Մինասյանին անգործ չթողնել և նրան մի լուրջ պաշտոն տալ: Խոսվում է այն մասին, որ նրան հնարավոր է նշանակեն մարզպետի պաշտոնում։ Սա արվում է նաև այն հույսով, որ առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ այդ նշանակումը ՔՊ-ի օգտին կաշխատի, և կկարողանան ոչ միայն Գյումրիում, այլև Շիրակի մարզում ձայներ հավաքել»,-նշում է պարբերականը։

Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրի ու Փարաքար համայնքներում ավագանու ընտրություններ են անցկացվել։

Գյումրիում ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք, անցողիկ շեմը (4 տոկոս՝ կուսակցությունների, 6 տոկոս՝ դաշինքների համար) հաղթահարել են 5-ը։

14 մանդատ (17188 քվե) ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 8 մանդատ (9727 քվե)՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, 6 մանդատ (7380 քվե)՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, 3 մանդատ (3739 քվե)՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և 2 մանդատ (2904 քվե)՝ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը։

«Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը», ավելի ուշ նաև «Մեր քաղաքը» հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (Վարդան Ղուկասյան) աջակցելու մասին։

Հավելենք, որ ավագանու առաջիկա նիստը նախատեսվում է ապրիլի 16-ին։ Այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ ով կդառնա քաղաքապետ։

Sputnik Արմենիա