Սերգեյ Լեբեդևю ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի փոխգործակցությունը կայունության ապահովման երաշխիքն է

ԱՊՀ-ի և ՀԱՊԿ–ի ուժային կառույցների փոխգործակցությունը կայունության ապահովման և տարածաշրջանում հակամարտությունների վտանգի նվազեցման երաշխիքն է: Այս մասին «Союзники. ОДКБ» պարբերականին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Նրա համոզմամբ` ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի պրոֆիլային կառույցների փոխգործակցության ակտիվացումն ու ընդլայնումը հուսալի գործիք է դառնում տարածաշրջաններում անվտանգության ապահովման և լարվածության նվազման համար։ Նա նշել է, որ ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների զինված ուժերի, արտակարգ ծառայությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների կանոնավոր համատեղ զորավարժությունները վկայում են գլոբալ և տարածաշրջանային բնույթի մարտահրավերների և սպառնալիքների դեմ համատեղ հանդես գալու երկրների պատրաստակամության մասին։

«Պաշտպանության և այլ շահագրգիռ գերատեսչությունների միջև գործողությունների համակարգումը թույլ է տալիս մեր փոխգործակցությունը որակապես նոր մակարդակի հասցնել, նպաստում է տարբեր միասնական համակարգերի կատարելագործմանն ու զարգացմանը՝ նպատակ ունենալով պաշտպանել մեր պետությունների շահերը», – հավելել է նա։

Լեբեդևը նաև նշել է, որ նման միջոցառումները օգնում են վերլուծել իրավիճակը մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես՝ գլոբալ, տարածաշրջանային և տեղեկատվական անվտանգության ապահովման, ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների ներքաղաքական իրավիճակի վրա արտաքին գործոնների ազդեցության, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ահաբեկչության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի վերաբերյալ։ Նա նշել է, որ այս թեմաների առարկայական քննարկումը թույլ է տալիս մոտեցնել ազգային դիրքորոշումները միջազգային արդի խնդիրների լայն շրջանակի վերաբերյալ և համաձայնեցված գիծ տանել միջազգային ասպարեզում՝ հիմնվելով ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների ընդհանուր ըմբռնման վրա։

Sputnik Արմենիա