Սեյրան Օհանյան․ Մեզ համար Արցախի էջը փակված չէ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի էջը մեզ համար փակված չէ։ Այս մասին բողոքող արցախցիների հետ հանդիպմանը հայտնել է պաշտպանության նախկին նախարար, այժմ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

 

«Ցանկացած հայի համար Արցախի ճակատագիրը մեծ նշանակություն ունի, բացի սոցիալական խնդիրներից, լուրջ աշխատանք է պետք ապագա ճակատագրի առումով։ «Արցախի էջը մեզ համար փակված չէ»,- նշել է Օհանյանը։

Նա մատնանշել է մի քանի կարևոր հանգամանք՝ 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները սրել են հակամարտությունը, և Բաքուն պետք է պատասխան տա։ Պետք է պահպանել Արցախի սուբյեկտայնությունը, Արցախի ժողովրդի կարգավիճակը, ապահովել հավաքական ու անվտանգ վերադարձ։

«ՀՀ իշխանությունների պահվածքն այս հարցում շատ վտանգավոր է, բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող ձևաչափով պետք է շարունակվի, շատ բարդ գործընթաց է սպասվում, բայց այն պետք է շարունակվի»,- ընդգծել է Օհանյանը։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, բողոքի ակցիան կապված է ամսական 50 հազար դրամի չափով սոցիալական օգնությունը վերականգնելու պահանջի հետ։ Արցախցիները մինչև ապրիլի 15-ը քննարկումներ կանցկացնեն, իսկ դրանից հետո կհայտարարեն իրենց գործողությունների մասին։

News.am