Օհանյան․ Ադրբեջանը պետք է պատասխան տա ԼՂ-ի դեմ գործած հանցագործությունների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանը պետք է պատասխան տա Լեռնային Ղարաբաղի դեմ կատարած հանցագործությունների համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Նա հիշեցրել է, որ «Հայաստան» խմբակցությունը վերջին չորս տարիների ընթացքում բազմաթիվ նախաձեռնություններ է ներկայացրել՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի իրավունքների։ Երբ ժամանակը հասունանա, մենք լսումներ կնախաձեռնենք Ազգային ժողովում, նշել է Օհանյանը։
Պատգամավորն ընդգծել է, որ միջազգային կազմակերպություններում և բարեկամության խմբերում ներգրավված խմբակցության ներկայացուցիչները բոլոր հանդիպումներում բարձրացնում են Արցախի ժողովրդի իրավունքների, Լեռնային Ղարաբաղի դեմ կատարված հանցագործությունները՝ տեղահանություն և ցեղասպանություն, որոնց համար Ադրբեջանը պետք է պատասխան տա, խոսի գերիների վերադարձի, Արցախի ղեկավարների անօրինական դատավարության և մշակութային ժառանգության պաշտպանության մասին։
Նրա խոսքով՝ Արցախի ճակատագիրը պետք է որոշվի հայ ու արցախցի ժողովրդի իրավունքների շրջանակում։ Արցախի բոլոր կառույցներն ու կազմակերպությունները պետք է գործեն իրավունքներն ու ապագա հավաքական վերադարձն ապահովելու համար։ «Այն, որ նրանք գործում են ՀՀ-ում, ոմանց կողմից ճիշտ չի ընկալվում։ Սա երկրորդ պետություն չէ։ Սա Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն է և վերադարձի գործը։ Ուստի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններին այլընտրանք չկա։ Մինսկի խմբի լուծարումը նշանակում է Արցախի էջը փակելու և, ըստ էության, մոռացության մատնելու ցանկություն»,- եզրափակել է Օհանյանը։
News.am