Հայաստանի ԱԳՆ. Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի ջարդերի զոհերի հիշատակին

«1992 թվականի ապրիլի 10-ին Մարաղա գյուղի հայ խաղաղ բնակչությունը ենթարկվեց էթնիկական ամբողջական զտման։ Ադրբեջանական զինուժի կողմից սպանվել է ավելի քան 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, իսկ 5000 բնակիչ բռնի տեղահանվել է։ 29 կին և 9 երեխա գերեվարվեց, 19-ի ճակատագիրը մինչ այս պահն անհայտ է մնում»,-X-ի միկրոբլոգում նման գրառում է արել ՀՀ ԱԳՆ-ն՝ ոգեկոչելով Մարաղայի ջարդերի զոհերի հիշատակը։

Հայաստանի ԱԳՆ-ն նշել է, որ այդ վայրագությունները փաստագրվել են այնպիսի իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում, ինչպիսիք են Human Rights Watch-ը և Amnesty International-ը:

«Մարաղայի ջարդերին հանգեցրեցին ազգամիջյան ատելությունը, անպատժելիությունը, պատերազմական հանցագործների հերոսացումը, հայկական մշակութային օբյեկտների ոչնչացումը և բռնի տեղահանում, որոնք 1988-1990-ական թվականներին նկատվել են Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և այլ բնակավայրերում հայերի ջարդերի ժամանակ։ Այսօր հարգանքի տուրք մատուցելով Մարաղայի ջարդերի զոհերի հիշատակին՝ հիշում ենք, որ նման վայրագությունների կանխումը և կայուն խաղաղության հասնելը պահանջում է հրաժարվել ատելության հռետորաբանությունից, ինչպես նաև նպաստել մարդու հիմնարար իրավունքները հարգելուն»,-ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշենք, որ Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն են։ Մարաղայի կոտորածն իրագործած հրամանատարներից Շահին Թաղիևն արժանացել է «ազգային հերոսի» կոչման՝ օրինակ ծառայելով Ռամիլ Սաֆարովի, 2016թ. Ապրիլյան պատերազմի և 2020թ. Արցախյան պատերազմի ադրբեջանական ռազմական հանցագործների համար։ 1992 թվականի ապրիլի 10-ին առավոտյան ժամը 5-ին սկսվեց գյուղի հրետակոծությունը։ Կեսօրի մոտ ադրբեջանական «Գուրթուլուշ» բատալյոնը (1 000 զինվոր), 20 զրահամեքենայի ուղեկցությամբ մտավ գյուղ։ Պաշտպանական ուժերը (60 մարդ) տեսնելով, որ չեն կարող դիմադրել անհավասար ուժին, նահանջեցին՝ զգուշացնելով գյուղի բնակիչներին։ Հիմնական բնակչությունը լքեց գյուղը։ Ծերունիները և հաշմանդամները պատսպարվեցին նկուղներում։ Հաջորդ օրը հայերը գյուղը ետ գրավեցին և գտան 43 խաղաղ բնակչի դիակ՝ մի քանիսը գլխատված էին, մյուսները այրված կամ աչքերը հանված։

Panorama.am