Տարոն Սիմոնյան․ Ադրբեջանն ամեն կերպ ցանկանում է գերիների հարցի իրավական բաղադրիչը մի կողմ տանել
Միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը կարծում է, որ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցի քննարկումը Հայաստանի համար ինքնին առաջնահերթություն է, որովհետև Ադրբեջանն ամեն կերպ ցանկանում է հարցի իրավական բաղադրիչը մի կողմ տանել, որպեսզի հայկական կողմը հայտնվի ավելի թույլ վիճակում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տարոն Սիմոնյանն ապրիլի 9-ին կայացած հանդիպում-քննարկման ընթացքում անդրադարձավ Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների խնդրին։
«Բոլորը գիտակցում են, որ հայկական կողմը իրավական դաշտում բավականին զորեղ է և կարող է արդյունավետորեն պաշտպանել իր շահերը։ Գիտակցելով այդ հանգամանքը՝ Ադրբեջանը շինծու դատավարությունների ընթացքում աշխատանք է տանում երկու ուղղություններով, որոնք փոքր մասն են մեծ ռազմավարության, որի նպատակն է ադրբեջանական գործոնի կիրառումը հայկական շահի դեմ։ Ուղղություններից մեկը ներպետական է, այսինքն՝ այս դատավարությունները սպասարկում են Ադրբեջանի իշխող վերնախավի շահերը և դրանով ամրապնդում են նրա դերը։ Այդ ամենը ներկայացվում է որպես «Նյուրնբերգյան դատավարություն», մինչդեռ իրականում այդ գործընթացը բոլորվին այլ թեմայի մասին է։ Իրականում ցեղասպանություն և պատերազմական հանցագործություններ կատարած պետությունն ինքն է իրականացնում դատավարություն այն անձանց նկատմամբ, որոնք տուժող են»,- ասաց Սիմոնյանը։
Նրա դիտարկմամբ՝ երկրորդ ուղղությունն առնչվում է դատավարության միջոցով հայկական ինքնության, հայ ժողովրդի ու Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված գործելակերպին։ Այսինքն՝ ադրբեջանական կողմը փորձում է մեկ իրավական գործընթացի միջոցով հարվածել մի քանի թիրախների, ինչը ենթադրում է մեկ ամբողջական ռազմավարություն՝ մարտավարական փոքր քայլերով։
«Մեղադրական եզրակացություններում կարմիր գծով գնում է այն արձանագրումը, թե մեր հայրենակիցներն անդամակցել են հանցավոր կազմակերպության, իսկ այդպիսի կազմակերպություն է դիտվում Արցախի Հանրապետությունը։ Նույնիսկ պետք չէ իրավական տարրական գիտելիքներ ունենալ՝ անզեն աչքով տեսնելու համար, որ մեր հայրենակիցներին ներկայացված մեղադրանքներն իսկապես մտացածին են։ Ցանկացած վկայի ցուցմունքներում առկա չէ պատճառահետևանքային որևէ կապ, անգամ չի պահպանվել պարզունակ իրավական տրամաբանությունը։ Այդուհանդերձ, Ադրբեջանն այդ կերպ թիրախավորում է Արցախն ու ցանկանում ամեն կերպ վերացնել նրա գոյությունը, և այն ինչ արեցին գետնի վրա, հիմա ցանկանում են ամրագրել իրավական դաշտում»,- նշեց միջազգային իրավունքի մասնագետը։
Սիմոնյանի կարծիքով՝ ԵԱՀԿ-ն նույնպես հայտնվել է ադրբեջանցիների թիրախում, որովհետև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի վրա հիմնված Մինսկի խումբը հենց կոչված էր կարգավորելու արցախյան հիմնահարցը։
«Ադրբեջանը շինծու դատավարություններով փորձում է հիմք ստեղծել՝ ապագայում նաև ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելու համար, հետևաբար գործընթացի վերջնական թիրախներից մեկը պատասխանատվության բեռը Հայաստանի վրա թողնելն է այն նկատառությամբ, որ եթե ԼՂՀ-ն չկա, ապա պատասխանատուն Հայաստանի Հանրապետությունն է։ Ադրբեջանական կողմը հետո ձգտելու է քաղաքական գործընթացներ սկսել ՀՀ-ի դեմ՝ ներկայացնելով լրացուցիչ պահանջներ։ Բաքուն փորձելու է գտնել ինչ-ինչ կոնվենցիաներ, որպեսզի ներպետական ատյաններում իբր հաստատված փաստերը տանի միջազգային ատյաններ և այդ կերպ Հայաստանին ծանրաբեռնի հավելյալ պահանջներով, թեև տեսականորեն էլ և պրակտիկայում էլ չկան նման իրավական մեխանիզմներ»,- ասաց Սիմոնյանը։
Բանախոսի պնդմամբ՝ Ադրբեջանը ոչ թե գործընթաց է սկսել Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական վերնախավի, այլ ամբողջ հայ ժողովրդի դեմ, առավել ևս, որ հայատյացությանն առնչվող գործելակերպը նորություն չէ։ 150 տարվա կտրվածքով թուրք-ադրբեջանական գործողությունների հետևանքով հայերի բնակության արեալը կտրուկ փոքրացել է, ինչը ցեղասպանական քաղաքականության ակնհայտ դրսևորում է։