Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը

Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-527-Ն օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Հանրային խորհրդի նախագահ նշանակել Արայիկ Խզմալյանին»,– ասված է որոշման մեջ։

Նշենք, որ Արայիկ Խզմալյանը 2023 թ. հուլիսի 17-ին ընտրվել է Մատենադարանի տնօրեն։ Մինչ այդ` 2019 թվականից, նա զբաղեցրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը:

Նշենք նաև` Հանրային խորհուրդը շուրջ 3 տարի գրեթե չէր գործում։ 2021 թվականի մայիսից այն նախագահ չունի, ինչպես նաև թափուր էին 45 անդամներից շուրջ 10-ի տեղերը։

Հիշեցնենք, որ 2024 թ. օգոստոսի 22–ին ՀՀ կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի հին կազմը ցրվեց ու որոշվեց նոր խորհրդում ստեղծել փաստահավաք հանձնաժողով՝ ՀՀ–ում 1991 թվականի սեպտեմբերի 21–ից մինչև 2023 թվականը ներառյալ ժամանակահատվածում մարդու իրավունքների հիմնարար և պարբերաբար խախտումներն արձանագրելու ու զեկույց պատրաստելու նպատակով։

Հանրային խորհուրդը հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ մարմին է, որին վերապահվում են որոշակի լիազորություններ։ Պետական որոշումների ընդունման և իրագործման հարցերի ժամանակ կառավարությունը սովորաբար խորհրդակցում է հանրային խորհրդի հետ։ Հանրային խորհրդի հիմնական առանձնահատկությունը քաղաքացիների առավել մեծ ներգրավվածությունն է կառավարման մարմինների աշխատանքին։

Այն ստեղծվել է 2009 թվականին, մինչև 2019-ի դեկտեմբեր նախագահն էր Վազգեն Մանուկյանը։

2019 թ. դեկտեմբերի 19–ին Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ։ Նա այդ պաշտոնից հրաժարվեց 2021 թվականի մայիսին։ Պատճառը 2021 թվականին ԱԺ արտահերթ ընտրություններին «Շիրինյան–Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» կազմում ընտրություններին մասնակցելն էր։

Sputnik Արմենիա