Լավրով․ ԱՊՀ-ի շրջանակներում առևտուրն անցյալ տարի աճել է մոտ 4,5%-ով
2024 թվականին առևտուրն ԱՊՀ երկրների միջև աճել է շուրջ 4,5%-ով։ Մոտավորապես նույնքան էլ ավելացել է արդյունաբերական արտադրությունը։ Այս մասին Ալմաթիում ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Եվ ընդհանուր առմամբ ինձ թվում է` եթե համեմատենք եվրոպական տնտեսության աճի տեմպերի հետ, ապա սա լուրջ դրական արդյունք է», – կարծում է ՌԴ նախարարը։
Ինչպես նշել է Լավրովը, ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 85%-ով սպասարկվում է ազգային արժույթով։ Այս գործընթացը զարգանում է։
«Ազգային արժույթներից բացի, հնարավորություններ կան արտաքին ազդեցությունից անկախ վճարային հարթակներ ստեղծելու համար: Տարբերակներից մեկը ՌԴ ԿԲ ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգն է: Այն հարմար է և կախված չէ որևէ SWIFT-ից: Կան մի շարք այլ նախաձեռնություններ, որոնք քննարկվում են նաև ԲՐԻԿՍ-ի շրջանակներում», – ասել է ՌԴ նախարարը:
Մասնավորապես, Բրազիլիան առաջարկել է այլընտրանքային վճարային հարթակ ստեղծել։
Լավրովը վստահ է, որ նույնիսկ այն երկրները, որոնք ԲՐԻԿՍ-ի անդամ չեն, հասանելիություն կունենան այս հարթակին դրա ստեղծումից հետո։
Նրա խոսքով` ԱՊՀ երկրները կշարունակեն առաջնորդվել ազգային շահերով։
Նշենք, որ ապրիլի 11-ին Ալմաթիում (Ղազախստան) անցկացվում է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։ Նախ պատվիրակները հանդիպում ունեցան նեղ, ապա ընդլայնված կազմով։ Հայաստանը հանդիպմանը ներկայացնում է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
Sputnik Արմենիա