«ՎԱՐՔԱԳԾԻ ՄՈԴԵԼՆԵՐ». ՈՒՐԵՄՆ Ո՞Վ Է ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ ԳԵՆԵՐԱՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Երեկ բոլորեց 33 տարին այն օրից, երբ Արցախի Մարաղա գյուղում «դժոխքը բացվեց երկրի վրա» և տեղի ունեցան իրադարձություններ, որոնք բարոնուհի Քերոլայն Քոքսն անվանել է «ժամանակակից Գողգոթա, միայն թե շատ ավելի վատթար»: «ԳԱ»-ն բազմիցս գրել է Մարաղայի ցեղասպանության մասին, որը դարձավ հայոց պատմության ամենաողբերգական էջերից մեկը: Այստեղ նշեմ միայն, որ 1992թ. ապրիլի 10-ին հայկական գյուղում տեղի ունեցածը կարելի է անվանել թուրքական ցեղասպանության քաղաքականության յուրօրինակ կվինտէսենցիա, որը բազմիցս դրսևորվել է և՛ նախկինում, և՛ դրանից հետո, և որը հետևողականորեն իրագործվում է մինչ օրս:

Հայաստանի պաշտոնական կառույցներից տարելիցի մասին հիշեցին միայն ԱԳՆ-ում՝ կարճ գրառում անելով Х սոցցանցում: Միրզոյանի գերատեսչության կայքում 2023 թվականից ի վեր ընդհանրապես ոչ մի հայտարարություն չի հրապարակվում «սումգայիթի», «բաքվի», «մարաղայի» և Ադրբեջանում ու Արցախում հայերի ցեղասպանության այլ ակտերի մասին: Ամենայն հավանականությամբ, ԱԳՆ-ում անսասան հետևում են «չկա ժողովուրդը՝ չկա խնդիրը» ստալինյան սկզբունքին։ Եվ քանի որ Արցախը նրանց համար այլևս գոյություն չունի, ապա հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և հայկական երկրորդ հանրապետության հետ կապված բոլոր իրադարձություններն այսուհետ տաբու են Արաբատի ու իր աշխատակիցների համար։

Մինչդեռ գերատեսչության հայտարարության մեջ կան մի շարք ուշագրավ մանրամասներ։ Մի կողմ թողնենք նույնիսկ այն հանգամանքը, որ իշխանությունները համառորեն խուսափում են Մարաղայի կոտորածը ցեղասպանություն անվանելուց, թեև այն համապատասխանում է ՄԱԿ-ի կոնվենցիայի բոլոր չափորոշիչներին։

Բայց Մարաղայի դահիճների դրսևորած հիրավի գազանային հմտությունները, անմարդկայնությունն ու աննախադեպ դաժանությունը, որով սպանվել էին խաղաղ գյուղացիները, հիմնականում կանայք, ծերերն ու երեխաները, հայկական ԱԳՆ-ում նրբանկատորեն անվանեցին ... «վարքագծի մոդելներ»: Իսկ որպես այդ «մոդելների» բնորոշում՝ թվարկում են «էթնիկ ատելությունը, անպատժելիությունը, ռազմական հանցագործությունների փառաբանումը, հայկական մշակութային վայրերի ոչնչացումը և բռնի տեղահանումը»։

Ընդ որում առնվազն տարօրինակ է, որ Ադրբեջանի անպատժելիության մասին խոսում է այն կառավարության կառույցը, որը մտադիր է միջազգային դատարաններից հետ կանչել Բաքվի ռեժիմի վերջին տարիների հանցագործություններին վերաբերող հայցերը: Եվ դրանով իսկ ապահովել Ալիևի ցեղասպան ռեժիմի լիակատար անպատժելիությունը։

Ոչ պակաս ուշագրավ է հայտարարության վերջին պարբերությունը։ «Այսօր, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի ջարդերի զոհերին, մենք հիշեցնում ենք, որ նման վայրագությունների կանխարգելումը և կայուն խաղաղության հասնելը պահանջում է հրաժարվել ատելության խոսքից և խթանել մարդու հիմնարար իրավունքների հարգումը»,- պնդում Է գերատեսչությունը:

Մեծագույն ցանկություն է առաջանում բացականչելու. ի՜նչ եք ասում, իրո՞ք։ Քանզի ատելության խոսքից հրաժարվելու անհրաժեշտության մասին խոսում է այն իշխանությունը, որն ինքն է այսօր զբաղված ատելության հրահրմամբ և թշնամանքի ահագնացմամբ արցախցիների, այդ թվում մարաղացիների հանդեպ։ Այն իշխանությունը, որը ծածուկ արել է դա իր 7 տարիների ընթացքում, իսկ վերջին օրերին մամուլում ու սոցցանցերում առանձնակի ագրեսիվ, միտումնավոր ու գիտակցաբար կազմակերպում և ուղղորդում է նողկալի արշավը կոնկրետ նպատակով. ստիպել փոքր Հայրենիքը կորցրած արցախցիներին լքել նաև մեծ Հայրենիքը՝ Հայաստանը։

Դաժան պատերազմ, 10-ամսյա շրջափակում, ռազմական ագրեսիա և ցեղասպանություն վերապրած հայրենակիցների նկատմամբ ատելության խոսքը լայնորեն օգտագործում են նաև իշխանության կողմից ուղղորդվող ֆեյք օգտատերերը, և պետական կառույցների ամենաբարձր ներկայացուցիչները, սկսած ԱԺ նախագահից։ Եվ ինքը՝ Արաբատն էլ, թեկուզև ավելի մեղմ ձևով, բազմիցս արհամարհական և անհարգալից տոնով է արտահայտվել արցախցիների մասին։ Այժմ իր հերթապահ հայտարարության մեջ ԱԳՆ-ը պաթոսով խոսում է ատելության հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտության մասին՝ հաստատելով իշխանությունների անփոփոխ հավատարմությունն իրենց գլխավոր հավատամքին. ստել և երեսպաշտություն անել մինչև վերջ։

Արցախցիների նկատմամբ ուժգնացված հետապնդումները սկսվեցին մարտի 29-ի լայնածավալ հանրահավաքից հետո։ Փաշինյանական ռեժիմը բառի բուն իմաստով նրանց վրա քսի է տվել իր բոլոր շներին, ջանալով նվաստացնել, վիրավորել և մեղադրել մահացու բոլոր մեղքերի մեջ։ Ընդ որում կապը կտրած հայատյացների ով լինելը պարզելն ու պատասխանատվության ենթարկելն ամենևին էլ դժվար չէ. ցանկության դեպքում, իհարկե։ Չենք խոսում արդեն այն մասին, որ բազմաթիվ ֆեյքերի մեջ կային նաև միանգամայն իրական մարդիկ։

Օրինակ, փաշինյանական կամակատարի՝ Հանրային ռադիոյի տնօրենի կինը, նույն այն անձի, որն աշխատասենյակում իր հայտնվելու առաջին իսկ օրը նշանավորեց Բաքվի և Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցով։ Հետո, ճիշտ է, հասարակական կարծիքի ճնշման տակ աչքից հեռու պահեց դա։ Ահա ուրեմն, այդ կերպարի կողակցուհին փառաբանվեց Ֆեյսբուքում իր կատարյալ զազրելի գրառումով, որի համար ամուսինը ստիպված էր անհեթեթ արդարացումներ բերել։ Եվ կրկին իսկ բարձրացած վրդովմունքի ալիքը ստիպեց սույն տիկնոջը ոչ միայն ջնջել նողկալի գրառումը, այլև ներողություն խնդրել արցախցիներից։

Մինչդեռ դրա համար քրեական պատասխանատվություն է նախատեսված, ինչպեսև, օրինակ, ոմն օգտատիրոջ ոչ պակաս սկանդալային գրառման, որն անասելի ուրախացել է, որ արցախցիները ստիպված են լքել Հայաստանը։ Այդ սուբյեկտը նույնպես ջնջեց իր գրառումը, սակայն նրա դեպքում քրեական պատասխանատվության և պատիժ ակնկալելու հիմքեր կան:

Այսպես, փաստաբան Ռոման Երիցյանը հայտնեց, որ հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքի կատարման հիմքով: «ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը առավելագույնը 2 տարվա ազատազրկման տեսքով պատասխանատվություն է նախատեսում անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելու համար»,- ընդգծել է նա:

Բացի այդ, ակտիվիստներն արդեն հավաքում են նման գրառումների նմուշները, որպեսզի դրանք էլ ներկայացնեն իրավապահ մարմիններին և պահանջեն պատասխանատվության ենթարկել հեղինակներին: Իսկ երեկ ՖԲ-ում հրապարակվեց հայտարարություն՝ ստորագրված ավելի քան 60 հասարակական գործիչների, կազմակերպությունների և օգտատերերի կողմից, որոնք դիմել են ԶԼՄ-ներին՝ կոչ անելով սոցիալական ցանցերի իրենց էջերից հեռացնել ատելություն տարածող և արցախցիներին վիրավորող մեկնաբանությունները։

Այնտեղ, որտեղ իշխանությունը ոչ միայն լռում, այլև ինքն է նողկալի արշավ ձեռնարկում և ուղղորդում ընդդեմ արցախցիների, կգործի հենց դա ՝ հայ հասարակության առողջ հատվածի դիմադրությունը։ Բնավ պատահական չէ, որ այդ բնույթի բազմաթիվ մեկնաբանություններ ու գրառումներ հետագայում ջնջվեցին, իսկ դրանց հեղինակները ստիպված էին բացատրություն տալ, արդարանալ ու ներողություն խնդրել։ Նախկինում նման բան չկար. օկուպացիոն ռեժիմը սովոր էր սեփական ամենաթողությանը՝ անհրաժեշտության դեպքում անպատիժ ու անարգել քսի տալով ընդդիմախոսների վրա իր ցերբերներին։

Այժմ ակերև են ակտիվ հակազդեցության նշանները։ Եվ եթե հաջողվի գոնե մեկ ցուցադրական պատժի հասնել արցախցիների նկատմամբ ատելություն քարոզելու համար, ապա մնացածները պարզապես կպապանձվեն, իսկ ֆեյքերին ստիպված կլինեն դնչկալներ հագցնել։

Ռեժիմը վաղուց է ապացուցել, որ մահու չափ վախենում է հասարակական դիմադրությունից և շատ հաճախ, բախվելով կտրուկ մերժման ու վրդովմունքի, նահանջում է։ Տվյալ դեպքում ներքին թշնամանքի հրահրման մահացու վտանգավոր վիրուսին դիմակայելու գործում առողջ ուժերի համերաշխությունը կարող է վճռորոշ դեր խաղալ։ Եվ կարևոր չէ, թե ով է այդ գործընթացի առաջամարտիկը. արցախցիները, գյումրեցիները, թե երևանցիները։ Կարևորն այն է, որ հասարակությունը միասնական ճակատով հանդես գա նրանց դեմ, ովքեր ձգտում են պառակտել և միմյանց դեմ հրահրել հայերին։

Կեղծավոր և ցինիկ կերպով կոչ անելով «հրաժարվել ատելության խոսքից և խթանել մարդու հիմնարար իրավունքների հարգումը»: Հապա ձե՛զ նայեք հայելու մեջ՝ սկզբի համար