Մեսսին «Թումո» ուսումնական կենտրոնի մասին հրապարակում է արել սոցցանցում

Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին «Ինստագրամ» սոցիալական ցանցում հրապարակում է արել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին: Լեգենդար հարձակվողը «stories» բաժնում տեղադրել է «Թումոյի» օգտահաշվի հիմնական էջը:

Նշենք, որ շուտով «Թումո» կենտրոն պետք է բացվի նաև Բուենոս Այրեսում: Առայժմ «Թումո» կենտրոնների աշխարհագրության մեջ այն չի նշվում, բայց «Թումո Բուենոս Այրես»-ի կազմակերպիչներն արդեն դասախոսություններ են անցկացնում դպրոցականների համար:

«Թումո» կենտրոններում գործում են ծրագրավորման, դիզայնի և մի շարք այլ ուղղություններով արտադպրոցական կրթության լաբորատորիաներ: Առաջին «Թումոն» բացվել է Երևանում, այնուհետև Հայաստանի այլ քաղաքներում, ապա նման կենտրոններ են բացվել արտասահմանում` Փարիզում, Բեռլինում, Բեյրութում, Լիոնում։

Sputnik Արմենիա