Կենտրոնական բանկն արդեն 3 ամիս խուսափում է «Թել-Սելի» վերաբերյալ հարցին պատասխանելուց

2024 թվականի դեկտեմբերի 23-ին «Հետքը» հարցում էր ուղարկել Կենտրոնական բանկ՝ փորձելով ճշտել՝ արդյոք «Թել-Սելի» կողմից հանրային տրանսպորտի ուղետոմսերի և տրանսպորտային փաթեթների վաճառքը հակասու՞մ է ընկերության ունեցած լիցենզիային, թե՞ ոչ, գրում է «Հետքը»:

ԿԲ-ն սկզբում 30 օր էր խնդրել հարցմանը պատասխանելու համար։ Հունվարի 17-ին պատասխանը վերջապես ստացանք։ Կենտրոնական բանկը հիշեցրել էր, որ «Թել-Սելը» ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 24.07.2007թ. որոշմամբ ստացել է «դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու» և «վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու» լիցենզիա, այնուհետև ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 19.02.2016թ. որոշմամբ ստացել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն:

Սակայն ԿԲ-ն խուսափել էր հստակ գնահատական տալ՝ արդյոք այդ լիցենզիայով կարելի է կազմակերպել հասարակական տրանսպորտի ուղետոմսերի վաճառք։ Պատասխանի վերջում նշված էր միայն.

«Ինչ վերաբերում է Ձեր կողմից ներկայացված հարցադրումներին, ապա հայտնում ենք, որ ներկայում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից շարունակվում են ուսումնասիրությունները և Կենտրոնական բանկն օրենքով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում կներկայացնի իր դիրքորոշումը»։

Այս պատասխանի ստացումից մոտ 3 ամիս անց` ապրիլի 7-ին, մենք նորից հարցում ուղարկեցինք Կենտրոնական բանկ։ Մարտին Գալստյանիի ղեկավարած կառույցը ուղարկեց բառացիորեն նույն պատասխանը՝ շարունակվում են ուսումնասիրությունները։

Ստացվում է, որ ԿԲ-ն չի կարողացել 3 ամսում հասկանալ՝ արդյոք «Թել-Սելի» իրականացրած գործունեությունը հակասում է նրա ունեցած լիցենզիային, թե ոչ։

Ինչո՞ւ է Կենտրոնական բանկը խուսափում պատասխանել «Թել-Սելի» վերաբերյալ հարցին, արդյո՞ք կա ճնշում Բանկի վրա, հայտնի չէ։ Եվ մինչ Կենտրոնական բանկը ժամանակ է ձգում՝ չտալով հստակ պատասխան, «Թել-Սելը» շարունակում է իրականացնել հասարակական տրանսպորտի ուղետոմսերի և տոմսային փաթեթների վաճառք։

News.am