Իտալիան համաձայնել է Հռոմում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլի անցկացմանը

Իտալիան համաձայնել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել Հռոմում։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Ճապոնիա կատարած այցի ժամանակ հայտնել է երկրի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին:

Նրա խոսքով՝ հարցումը ստացվել է Օմանի միջնորդությամբ, և Իտալիան դրական պատասխան է տվել։

«Մենք պատրաստ ենք ընդունել հանդիպումներ, որոնք կարող են դրական արդյունքներ բերել, հատկապես միջուկային խնդրի շուրջ», - Askanews գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Տայանին:

Նա հավելել է, որ Իտալիայում նման բանակցություններ արդեն տեղի են ունեցել, և երկիրը կշարունակի աջակցել խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին:

ԱՄՆ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի միջև անուղղակի բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում: Երկու կողմերն էլ շփումները կառուցողական են բնութագրել։ Արաղչին միջնորդության համար շնորհակալություն է հայտնել Օմանի արտգործնախարարին և հաստատել, որ երկրորդ փուլը նախատեսված է անցկացնել ապրիլի 19-ին Հռոմում:

Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը նույնպես հաստատել է բանակցությունների վայրն ու ամսաթիվը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ հայտարարելով, որ Թեհրանը մոտ է միջուկային զենքի ստեղծմանը: Մարտին նա գործարքի առաջարկով նամակ էր հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ մերժման դեպքում սպառնալով ռազմական պատասխանով: Թեհրանից ստացված պատասխանը բացառել է ուղիղ բանակցությունների հնարավորությունը՝ թողնելով միայն միջնորդավորված երկխոսության հնարավորություն:

2015 թվականին Իրանի և վեց երկրների միջև կնքված միջուկային գործարքը նախատեսում էր պատժամիջոցների վերացում միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց: 2018-ին ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց պատժամիջոցները, որից հետո Իրանը սկսեց փուլ առ փուլ հրաժարվել իր պարտավորություններից:

Sputnik Արմենիա