Իրանի ԱԳ նախարարը հաստատել է մասնակցությունը Հռոմում ԱՄՆ-ի հետ հաջորդ բանակցություններին
Իրանի պատվիրակությունը կմասնակցի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին, որը տեղի կունենա այս շաբաթ Հռոմում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ հեռախոսազրույցի ընթացքում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Արաղչիի խոսքով՝ բանակցությունները կրկին կկայանան Օմանի Սուլթանության միջնորդությամբ։ Նա նշել է, որ ապրիլի 12-ին Մասքաթում կայացած առաջին հանդիպումը «գերազանց» է անցել, իսկ քննարկման հիմնական թեման եղել է իրանական միջուկային դոսյեն:
Մասքաթում անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Աբբաս Արաղչիի միջև: Երկու կողմն էլ հանդիպումը որակել են կառուցողական և դրական: Իրանի ԱԳ նախարարն առանձին շնորհակալություն է հայտնել Օմանի արտգործնախարար Բադր Ալ-Բուսաիդիին պատվիրակությունների միջև կարծիքների փոխանակմանն աջակցելու համար:
Բանակցությունների երկրորդ փուլը նշանակված է շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին: Ավելի վաղ Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հաստատել էր, որ Հռոմը դրական է պատասխանել բանակցություններ անցկացնելու հարցմանը: Այս տեղեկությունը հաստատել էր նաև Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը։
Sputnik Արմենիա