ՄԱԿ․ Արցախի բռնի տեղահանված բնակչության 90 տոկոսը պետական աջակցության կարիք ունի

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված տնային տնտեսությունների 2023թ. գնահատումը տրամադրում է հարցված տեղահանված բնակչության ժողովրդագրական միտումների, տեղահանման ձևերի, սոցիալ-տնտեսական պայմանների, կենսապայմանների, անմիջական կարիքների և կենսապահովման ծրագրերի համապարփակ պատկերը: Այս մասին նշվել է Relief Web մարդասիրական տեղեկատվական ծառայության զեկույցում, որը տրամադրել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը:

Ինչպես նշվել է զեկույցում, կազմակերպության հարցման մեջ ընդգրկվել են միջին տարիքի հարցվածներ, որոնց թվում ավելի շատ կանայք են (62 տոկոս), քան տղամարդիկ (38)։

Հարցվածների գրեթե կեսը (45 տոկոս) տնային տնտեսությունների մեծերն են: Ամենատարածվածը երեք և ավելի երեխա ունեցող տնային տնտեսություններն են, որոնք կազմում են հարցվածների 81 տոկոսը: Մինչև 18 տարեկան երեխա չունեցող տնային տնտեսությունները գործնականում գոյություն չունեն, ինչը վկայում է երիտասարդ խնամակալների զգալի ներկայության մասին, ընդգծվել է փաստաթղթում։

Ընտրանքի մեծ մասը բաղկացած է 5-ից ավելի հոգուց բաղկացած բազմազավակ ընտանիքներից (81տոկոս) և թոշակառու ունեցող տնային տնտեսություններից (44 տոկոս):

2024թ. դեկտեմբերին անցկացված հարցումն ընդգծել է, որ հղի և կերակրող մայրերը (9 տոկոս) և մենակ տնային տնտեսությունները վարողները (7 տոկոս) բնակչության այլ հիմնական խոցելի խմբերն են։ Տեղահանված տնային տնտեսությունների մեծամասնությունը (90 տոկոս) իր հիմնական կարիքները բավարարելու համար ապավինում է կառավարության աջակցությանը, ինչն ընդգծում է բնակչության շարունակական տնտեսական խոցելիությունը: Հարցվածների 66 տոկոսի համար սննդամթերքը մնում է գլխավոր կարիքը, որին հաջորդում են կենցաղային իրերը և հագուստը/կոշիկը (յուրաքանչյուրը՝ 36 տոկոս) և կոմունալ ծախսերը (31):

«Չնայած կենսապահովման ծրագրերի միջոցով ավելի երկարաժամկետ լուծումներ են պահանջվում, պարզ է, որ վաուչերների վրա հիմնված աջակցությունը դեռևս անհրաժեշտ է հրատապ խնդիրների լուծման համար, ինչպիսին են սննդամթերքը, կենցաղային իրերը և կոմունալ ծառայությունները: Հիմնական աջակցության այս շարունակական կարիքն ընդգծում է շարունակական աջակցության կարևորությունը կենսապահովման ծրագրերի միջոցով ինքնապահովման ձևավորման ջանքերին զուգահեռ»,- նշվել է փաստաթղթում։

News.am