Կառավարությունը պատրաստ է երկարաձգել բռնի տեղահանվածներին տրամադրվող 40 000 դրամ աջակցությունը
Կառավարությունը պատրաստ է լրացուցիչ 2 ամսով երկարաձգել Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող 40 հազար դրամ սոցաջակցությունը, լրագրողներին հայտնել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը՝ մանրամասնելով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նա հստակեցրել է, որ խոսքը յուրաքանչյուր անձի տրամադրվող 40 000 դրամի մասին է։
«Ավելի երկարաժամկետ լուծումների համար մեր հիմնավոր փաստարկները չեն ընդունվել»,- ասել է Իսկանդարյանը։
Նա նշել է, որ պետք է արցախցիների հետ քննարկեն այս առաջարկը, ինչից հետո կհասկանան իրենց հետագա անելիքները:
Իսկանդարյանը հավելել է, որ Ազատության հրապարակում տեղադրված վրանները շարունակելու են մնալ այնտեղ։
Ապրիլից Հայաստանի իշխանությունները կրճատել էին «40+10» աջակցության ծրագրով բնակվարձի փոխհատուցում ստացող արցախցիների թիվը՝ բացատրելով, որ այդ աջակցությունը խոչընդոտում է բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու երկարաժամկետ պետական ծրագրերին։ Այդ որոշման դեմ մարտի 29-ին արցախցիները հանրահավաք էին անցկացրել, որտեղ պահանջել էին շարունակել բնակվարձի փոխհատուցումը, ինչպես նաև բանակցել արցախցիների հայրենիք վերադարձի, ռազմագերիների ազատ արձակման և բռնի տեղահանվածներին աջակցելու երկարաժամկետ սոցիալական ծրագրերի կազմակերպման շուրջ։ Նույն օրը նրանք վրաններ էին տեղադրել «Ազատության» հրապարակում։
Ապրիլի 10-ի նիստում կառավարությունը որոշում էր ընդունել Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ամենամսյա դրամական աջակցություն տրամադրել։
Armenia Today