Վարդան Ղուկասյանը կրկին դարձավ Գյումրու քաղաքապետ
Վարդան Ղուկյասյանը, որը 1999-2012 թվականներին ղեկավարել է Գյումրի քաղաքը, այսօր կրկին ընտրվեց Գյումրու քաղաքապետ։
Նորընտիր ավագանու անդրանիկ նիստին մասնակցեցին «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Մեր քաղաքը», «Մայր Հայաստան», «Իմ հզոր համայնք» խմբակցությունները, ներկա չէր միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։
«Մայր Հայաստան», «Մեր քաղաքը» և «Իմ հզոր համայնք» խմբակցությունները չառաջադրեցին համայնքապետի իրենց թեկնածուին և հայտարարեցին` քվեարկելու են ընդդիմադիր դաշտում առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժի օգտին։ Ըստ նրանց` Գյումրիում պետք է իշխանազրկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։
ՀԿԿ–ն առաջադրեց իր թեկնածուին` Վարդան Ղուկասյանին։
Մինչ համայնքապետի ընտրությանն անցնելը Ղուկասյանը ելույթ ունեցավ ու հայտարարեց, որ շատ համերաշխ ընտրություն է կատարվել, որքան էլ իշխանությունը փորձում էր խառնակչություն անել։
Ավագանու 18 ընդդիմադիր անդամները միաձայն ընտրեցին Վարդան Ղուկասյանին։
Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում ավագանու ընտրություններ անցկացվեցին։
Գյումրու ընտրություններին մասնակցեցին 6 կուսակցություն և 3 դաշինք, անցողիկ շեմը (4 տոկոս՝ կուսակցությունների, 6 տոկոս՝ դաշինքների համար) հաղթահարեցին 5-ը։
14 մանդատ (17188 քվե) ստացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 8 մանդատ (9727 քվե)՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, 6 մանդատ (7380 քվե)՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, 3 մանդատ (3739 քվե)՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, և 2 մանդատ (2904 քվե)՝ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը։
«Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը», ավելի ուշ նաև «Մեր քաղաքը» հայտարարեցին Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (Վարդան Ղուկասյան) աջակցելու մասին։
Sputnik Արմենիա