ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՋՈՒՐ ՉԼԻՆԵԼԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆԽՆԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Սյունիքում ջրամատակարարման խնդիրներն ու Երևանում ջրի անխնա օգտագործումը աշխարհագրական տեսանկյունից իրար հետ որևէ կապ չունեն. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի ջրային կոմիտեի նախկին նախագահ Ինեսսա Գաբայանը` մեկնաբանելով սյունեցիների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի արած հայտարարությունը։

Նշենք, որ Սյունիքի մարզի մի քանի համայնքների բնակիչներ Փաշինյանի հետ զրույցում ահազանգել էին, որ իրենց գյուղերում ամիսներով խմելու ջուր չի լինում։ Ի պատասխան Փաշինյանն ասել էր, որ եթե Երևանում ջուրը ինքնանպատակ չհոսի, ապա գյուղացիները ջրի խնդիր չեն ունենա։

«Փաշինյանի պատասխանը կարելի է անվերջ մեկնաբանել՝ կապված ոչ միայն Երևանում, այլև ամենուր ջրի անխնա օգտագործման, ջրի տեղափոխման ցանցերի մաշվածության պատճառով մեծաքանակ կորուստների, ընդհանրապես մեզանում ջրի նկատմամբ բարբարոս վերաբերմունքի, ջուրը խնայողաբար օգտագործելու մշակույթի բացակայության և նման այլ խնդիրների հետ»,– ասաց Գաբայանը։

Մեկնաբանելով ՀՀ վարչապետի հայտարարությունը` Ինեսսա Գաբայանը հիշեցրեց, որ ոչ միայն Սյունիքի, այլև հայաստանյան այլ համայնքներում խմելու ջրի մատակարարման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է, իսկ որոշ համայնքներում` նաև համայնքների ղեկավարները։ Նրա խոսքով` տարիներով խնդիրներն ուսումնասիրվել և ուսումնասիրվում են, բայց մեծամասամբ մնում են չլուծված։

Սյունիքում 2020-21թթ–ից հետո Ադրբեջանի զինված հարձակումների հետևանքով ջրամատակարարման խնդիրներին ավելացել է մեկ այլ խնդիր` մի շարք բնակավայրերում խմելու ջրի լեռնային ակունքները մնացել են ադրբեջանական վերահսկողության տակ։ Նույն խնդիրը կա նաև Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերում։ Որոշ համայնքներում մարդիկ նույնիսկ վախենում են օգտագործել այդ աղբյուրներից հոսող ջուրը։

«Ռիսկեր, իհարկե, կան։ Մի՞թե պատահական է, որ հեքիաթներում դևը գալիս նստում է հենց աղբյուրի գլխին, թույլ չի տալիս, որ ժողովուրդը ջուր վերցնեն և ջրի դիմաց պահանջում է գյուղի ամենագեղեցիկ աղջկան: Այսինքն` դարերի խորքից, թեկուզ հեքիաթներով մեզ հասած ջրի կարևորության գաղափարը պատահական չէ։ Պետք է կարողանալ պաշտպանել և պահպանել այն աղբյուրները, որոնք սնում են մեզ, մեր ժողովրդին, մանավանդ ունենալով նման հարևաններ»,– նկատեց Գաբայանը։ Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում պետությունը պետք է տեխնիկական լուծումներով ապահովի բնակչության անվտանգությունը։

«Կարևորելով սահմանամերձ գյուղերում բնակիչների համար նվազագույն կենցաղային պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը` կառավարությունը պետք է անի ամեն բան մարդկանց իրենց հողի վրա պահելու համար, եթե անգամ այն տասնապատիկ թանկ նստի, մինչև խնդիրների գլոբալ լուծումը»,– նշեց մասնագետը։

Խոսելով անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման խնդիրների մասին` Գաբայանն արձանագրում է, որ երկիր մոլորակի 153 երկիր գտնվում են 286 անդրսահմանային գետերի և լճերի ավազանների և 592 անդրսահմանային ջրատար համակարգերի տարածքներից առնվազն մեկում: Իսկ դա նշանակում է, որ անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման գործում հարևան երկրների հետ համագործակցությունը աշխարհում տարածված գործընթաց է, որը շրջանցում է քաղաքական անհամաձայնությունները և կոնֆլիկտները` հանուն համընդհանուր շահի և կյանքի համար կարևորագույն ռեսուրսի՝ ջրի, համատեղ կառավարման:

Մեր տարածաշրջանում, Ինեսսա Գաբայանի դիտարկմամբ, անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարումը հիմնականում երկկողմ հարաբերությունների խնդիր է` Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան և Հայաստան – Ադրբեջան ձևաչափերով։

«Հեշտ չէ, բայց կարելի է միջազգային դիվանագիտական հարաբերություններով, փաստաթղթերով մոտենալ ճիշտ լուծմանը։ Միշտ ավելի հեշտ է դիմացինին մեղադրել և չտեսնել սեփական գործողությունները»,– նշեց Գաբայանը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանին հասցեագրվող բնապահպանական ոլորտի մեղադրանքներին։

Նրա դիտարկմամբ` այնպես չէ, որ Հայաստանը լիովին կարողանում է ապահովել ջրերի որակը, կատարել մաքրումներ։ Բայց մի հարց է մեղադրանքներ հնչեցնելը, մեկ այլ հարց է նստել միասին քննարկել` ինչպես լուծել խնդիրները, որովհետև այնպես չէ, որ Ադրբեջանն իր տարածքում լիովին անում է անհրաժեշտ ամեն ինչ։ «Այսօր շատ հեշտ է աշխարհի ցանկացած կետի մասին տեղեկություններ ստանալը, աշխարհն այդ տեսանկյունից շատ բաց է այսօր։ Այնպես որ, ես կարծում եմ` ոչ թե մեղադրանք, այլ երկխոսություն` դա է լուծումը»,– ասաց Գաբայանը։

2024թ–ի ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Շիրվանի ջրանցքի հիմնարկեքի արարողությանը, հայտարարել էր, որ Ադրբեջանը ջրային ռեսուրսների սակավության խնդիր ունի։

Հայաստանցի փորձագետները, այս հայտարարությունը վերլուծելով, չէին բացառել, որ Ալիևը ազդարարել է «ջրային պատերազմի» սկիզբը, որից հետո փորձելու է ՀՀ–ից զավթած որոշ հատվածներում փոխել գետերի հունը։ Ուստի Հայաստանը, նրանց համոզմամբ, պետք է շատ ավելի բանիմաց ձևով կառավարի իր ռեսուրսները, այդ թվում նոր ջրամբարներ կառուցելով ու հայաստանյան լեռներում ձևավորվող ջրային ռեսուրսները մեր երկրում ամբարելով։

ՀՀ ջրային ռեսուրսների կառավարման ներկա մակարդակը տիկին Գաբայանը ևս անարդյունավետ է համարում։ Ինչ վերաբերում է մեծածավալ ջրամբարաշինության խոստացված ծրագրերի իրականացմանը, ջրային կոմիտեի նախկին նախագահն ընդգծեց, որ ծրագիրը տասնամյակներով ձգձգվում է, բայց կառավարությունը վերջերս 4-5 փոքր ջրամբարների նախագծեր է մշակել, ներկայացրել միջազգային կազմակերպությունների գնահատմանը, որի արդյունքում նաև պետք է դրանց կառուցման համար անհրաժեշտ ֆինանսավորումը ստացվի։

Sputnik Արմենիա