Արցախի ԱԽ-ն համաձայնել է, որ Արայիկ Հարությունյանը գնա Սոֆիա` Ադրբեջանի հետ բանակցելու
Արցախի Անվտանգության խորհուրդը քննարկել ու դրական էր արձագանքել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Սոֆիա մեկնելու և Ադրբեջանի հետ բանակցելու հարցին։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նրա խոսքով՝ այս հարցը շատ է շահարկվում, թե արցախյան կողմն է հրաժարվել Սոֆիա մեկնել ու բանակցել, իբրև թե այդ պատճառով էլ Ադրբեջանը հարձակվել է։
«Սոֆիայի առաջարկից 15 օր անց եղել է նաև առաջարկ Բրատիսլավայում հանդիպելու․ մեր պատվիրակությունն ընդունել է առաջարկը, գնել է տոմսերը, և Ադրբեջանը դա մերժել է։ Այդ շահարկումները կապված են նրա հետ, որ փորձում են սեփական քաղաքական, դիվանագիտական ձախողումները բարդել ինչ-որ մեկի վրա»,- ասաց Շահրամանյանը՝ շեշտելով, որ այդ շահարկումները բարոյական չեն։
Արցախի տարբեր ներկայացուցիչներ տարբեր ժամանակներում ուղիղ բանակցել են ադրբեջանական կողմի հետ։
Շահրամանյանը հիշեցրեց նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունները, որ նաև մինչև 2022թ–ի վերջ բանակցել է։
«Դրա մասին հայտարարել է Սամվել Բաբայանը (2020 թվականի մայիսի 29-ին նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, նույն տարվա նոյեմբերի 10-ին հրաժարվել այդ պաշտոնից–խմբ.), որ բանակցությունների մեջ էր։ Այն ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ բանակցությունների, հանդիպումների մեջ էր։ Այդ մասին շատ լավ տեղյակ են նաև Հայաստանի իշխանությունները, նաև մասնակցություն են ունեցել»,- ասաց Շահրամանյանը։
Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարի ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, թե Արցախի ղեկավարությունը հնարավորություն ուներ գնալ Սոֆիա ու Ադրբեջանի հետ սկսել բանակցություններ, սակայն Հայաստանից զանգ է ստացել, որն Արցախի իշխանություններին հետ է պահել այս հանդիպումից։ Արթուր Հովհաննիսյանը մատնացույց արեց խորհրդարանական ընդդիմությանը՝ հենց նրանց մեղադրելով այդ զանգի համար։
Sputnik Արմենիա