2025-04-24 20:38
Լրատվական գործակալություններ
Գլխավոր քարտուղար․ ՀԱՊԿ-ը և Հայաստանը պահպանում են աշխատանքային շփումները
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) և Հայաստանը պահպանում են աշխատանքային շփումները, Երևանը տեղեկացվում է այն ամենի մասին, ինչ քննարկվում է քարտուղարությունում, լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
«Պահպանվում են զուտ աշխատանքային շփումները։ Մենք տեղեկացնում ենք բոլոր այն հարցերի մասին, որոնք քննարկվում են քարտուղարությունում։ Անկեղծ ասած, Հայաստանը չի հեռացել ՀԱՊԿ-ից, այլ դադարեցրել է կազմակերպության աշխատանքներին իր մասնակցությունը»,- ասել է Տասմագամբետովը։
Նա հստակեցրել է, որ ՀԱՊԿ-ն ըմբռնումով և հարգանքով է վերաբերվում Հայաստանի որոշումներին և ընդգծել, որ Երևանի հետագա մասնակցությունը ՀԱՊԿ-ին երկրի քաղաքական ղեկավարության որոշումն է:
Sputnik Արմենիա