ՀՀ-ում կներդրվի կենսաչափական անձնագրերի ժամանակակից և անվտանգ համակարգ
ՀՀ կառավարությունը պայմանագիր ստորագրեց կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման մրցույթում հաղթող ճանաչված ֆրանսիական IDEMIA ընկերության հետ, որը կիրականացնի Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման ու սպասարկման աշխատանքները։
Պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության (ի դեմս ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի) և «HAYPASS» ՓԲԸ–ի (ի դեմս ընկերության գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեի) միջև։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը իր խոսքում նշեց, որ բանակցությունների փուլը սկսվել է 2022-23 թվականներից, գործընթացը եղել է բավականին երկար։
«Մեզ համար չափազանց կարևորվել է այն հանգամանքը, որ ՀՀ-ն պետք է ունենա բիոմետրիկ, արդիականացված համակարգ, որը թույլ կտա լուծել նախորդ տարիներին կուտակված խնդիրները և ժամանակակից պայմաններ ապահովել մեր քաղաքացիների համար։ Ավելի բուռն գործընթացը սկսվել է 2023 թվականի սկզբին, որը համընկել է ՆԳ նախարարության ձևավորման աշխատանքների հետ, ուստի նախարարությունը ստանձնել է գործընթացի կազմակերպման առաջնորդությունը։
Լայնորեն ուսումնասիրել ենք նաև շուկան, հետևաբար վերջնական պայմանագիրը, որն այսօր ստորագրվեց մասնավոր գործընկերոջ հետ, վստահաբար գերժամանակակից համակարգ է, որը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների տեսանկյունից՝ ՀՀ-ին կտա այն դրական կողմերը, որ կենսաչափական համակարգերն առհասարակ տալիս են պետություններին իրենց կենսագործունեության շրջանակներում»,- ասաց Սարգսյանը։
ՆԳ նախարարը հավելեց, որ օրենքի շրջանակում առաջին անգամ պետության և մասնավոր ընկերության միջև համագործակցության համատեքստում այսպիսի ծրագիր է իրականացվում, ինչը նաև լավ առիթ է՝ փորձարկելու և կիրառելու օրենսդրական այն լուծումները, որոնք կան տվյալ ոլորտում։
«Սա նաև լավ առիթ էր՝ օգտագործելու միջգերատեսչական ներուժը, քանզի ՆԳ նախարարի ղեկավարությամբ ստեղծվել էր գնահատող հանձնաժողով, որում ներգրավված են եղել տարբեր գերատեսչությունների մասնագետներ։ Այդ ներուժը թույլ է տվել առաջ մղել գործընթացը և ունենալ թե՛ մրցութային փաթեթ, թե՛ բուն պայմանագիրը։ Անցել ենք նաև որակավորման բավականին լայն փուլ։ Ի սկզբանե եղել են հինգ հայտատուներ, որոնցից երեքը որակավորվել են, իսկ վերջնական փուլում հաղթող է ճանաչվել ֆրանսիական գլխամասային IDEMIA ընկերությունը։ Մեզ համար կարևոր է եղել նախևառաջ որակի գործոնը, և երկրորդ՝ արժեքի վրա հիմնված բաղադրիչը։ Ֆրանսիական ընկերությունը ոլորտի առաջատարներից է։ Մյուս բոլոր հայտատուները ևս եղել են հեղինակավոր ընկերություններ»,-ասաց ՆԳ նախարարը։
Սարգսյանի բնորոշմամբ՝ տվյալ գործընթացը նախանշում է ոլորտի թռիչքաձև զարգացումը և հանրային ծառայությունների մատուցման տեսանկյունից՝ նոր որակ ներդնելու, ՀՀ քաղաքացիների արժանապատիվ ճամփորդելու մասին է։
«Նախկինում նման համակարգ չի եղել, չենք ունեցել բավարար ներդրումներ՝ այս ենթակառուցվածքները զարգացնելու, առաջ տանելու տեսանկյունից։ Թեևժամանակակից աշխարհն արդեն իսկ անձի նույնականացման նոր գործիքակազմեր է կիրառում, բայցևայնպես զուգահեռաբար կան խորը կեղծիքների դրսևորումներ, ինչը դիտարկվում է որպես գլոբալ մարտահրավեր։ Մենք իրականացնում ենք պարզ վարչարարություն՝ փորձելով անձանց վիզուալ նույնականացնել, հետևաբար նոր համակարգը կլինի ավելի արդիական։ Համակարգը ներդնելու ենք որոշակի ժամանակահատվածում, որովհետև սա մանրակրկիտ ծրագրված համակարգ է, որը պահանջում է ժամանակ՝ որակյալ աշխատանք ապահովելու և ճիշտ պրոցեսներ կազմակերպելու համար»,- պարզաբանեց ՆԳ նախարարը։
Նա տեղեկացրեց, որ IDEMIA ընկերությունը պետք է Հայաստանում ունենա իր գրասենյակը, և հենց այդ առթիվ ստորագրվեց համաձայնագիր, որի կազմակերպչական աշխատանքներն ընթացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վերահսկողությամբ։
Սարգսյանը հայտնեց, որ համակարգի լիարժեք ներդրման համար սահմանվել է մեկամյա ժամանակահատված, որի շրջանակում մասնավոր գործընկերը կկարողանա կենսաչափական անձնագրերի համակարգը ներդաշնակորեն ներդնել ՀՀ-ում, որպեսզի քաղաքացիները ստանան բիոմետրիկ նոր փաստաթղթեր։ Այս համակարգը նաև կարևոր նախապայման է՝ սահմանային անցակետերում արտոնյալ պայմաններ երաշխավորելու առումով։
«Մրցույթի ընթացքում եղել ենք առավելագույնս թափանցիկ և անաչառ, քանզի մեր խնդիրն էր, որպեսզի տվյալ համակարգը լինի օրինակելի՝ ՀՀ-ում նման ձևաչափով հետագայում գործարքներ կնքելու համար։ Մենք պահպանել ենք բոլոր այն չափանիշները, որոնք թույլ կտան այս գործարքը դիտարկել օրինակելի և դրա հիման վրա կառուցել մնացյալ գործարքները»,- նշեց Սարգսյանը։