9 ամիս անց Չինաստանը ՀՀ-ում նոր դեսպան ունի. Լի Սինվեյը արդեն Երևանում է
Չինաստանը Հայաստանում նոր դեսպան ունի։ Նա արդեն ժամանել է Երևան։ Տեղեկությունը հայտնում է Հայստանում Չինաստանի դեսպանատան էջը։
«2025 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լի Սինվեյը ժամանել է Երևան»,–հայտնել են դեսպանատնից:
Դեսպան Լին նշել է, որ Չինաստանը և Հայաստանը անկեղծ և վստահելի ընկերներ և գործընկերներ են, նրանք ձգտում են փոխշահավետ համագործակցության։
«Չինական կողմը պատրաստ է համագործակցել հայկական կողմի հետ քաղաքական փոխադարձ վստահության հետագա խորացման, փոխշահավետ համագործակցության ակտիվ ընդլայնման և չին-հայ հարաբերությունները ավելի բարձր ու արագ մակարդակի հասցնելու համար»,–ասել է նորանշանակ դեսպանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը ողջունել է դեսպան Լիի ժամանումը և նշել, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը և կապահովի նրա աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։
Նշենք, որ ապրիլի 3–ին Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը Sputnik Արմենիային ասել էր, որ շուտով Չինաստանը նոր դեսպան կնշանակի Հայաստանում։
Հիշեցնենք` Հայաստանում Չինաստանի նախկին դեսպան Ֆան Յունն իր դիվանագիտական առաքելությունը ավարտել է 2024 թ–ի հուլիսի 11–ին։
Այսպիսով՝ Հայաստանում արդեն շուրջ 9 ամիս է՝ Չինաստանի դեսպան չկա։ Դա հարցեր է առաջացրել քաղաքական և փորձագիտական շրջանակներում:
Օրինակ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրել էր, որ դա բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:
«Բնականաբար սա շատ հստակ մեսիջ է, նման դեպքերում պատահականություններ չեն լինում: Վստահ եղեք, Պեկինն իր դիվանագիտական զինանոցում հարյուրավոր պրոֆեսիոնալներ ունի, որ կարող են հենց այսօր գործուղվել Երևան»,–գրել էր նա:
Sputnik Արմենիա