Համաշխարհային ռազմական ծախսերը 2024 թվականին աճել են ռեկորդային 9,4%-ով
Համաշխարհային ռազմական ծախսերը 2024 թվականին հասել են 2,718 տրիլիոն դոլարի, ինչը 9,4%-ով ավելի է, քան 2023 թվականին։ Դա տարեկան հաշվարկով ամենամեծ աճն է սառը պատերազմի ավարտի ժամանակներից ի վեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) նոր զեկույցում։
Ինչպես նշում են ինստիտուտի փորձագետները, ռազմական ծախսերն աճել են աշխարհի բոլոր տարածաշրջաններում, ընդ որում, առանձնապես արագ աճ է նկատվել Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ Հինգ երկրների՝ ԱՄՆ-ին, Չինաստանին, Ռուսաստանին, Գերմանիային և Հնդկաստանին, բաժին է ընկել ռազմական ծախսերի համաշխարհային ծավալի 60%-ը, իսկ նրանց ընդհանուր ծախսերը կազմել են 1,635 տրիլիոն դոլար։
2024 թվականին ամենամեծ պաշտպանական ծախսեր կատարող 15 երկրները բոլորն էլ ավելացրել են այդ ծախսերը։ Համաշխարհային ՀՆԱ-ի՝ ռազմական կարիքներին ուղղվող բաժինը 2024 թվականին աճել է մինչև 2,5%։
Եվրոպայում (ներառյալ Ռուսաստանը) ռազմական ծախսերն աճել են 17%-ով՝ մինչև 693 միլիարդ դոլար։
«Քանի որ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է արդեն երրորդ տարին, ռազմական ծախսերը շարունակում են աճել ամբողջ մայրցամաքում, ինչի հետևանքով Եվրոպայի ռազմական ծախսերը գերազացում են սառը պատերազմի վերջին գրանցված մակարդակը։ Բոլոր եվրոպական երկրները, բացառությամբ Մալթայի, 2024 թվականին ավելացրել են իրենց ռազմական ծախսերը», - նշված է զեկույցում։
Ռուսաստանի ռազմական ծախսերը 2024 թվականին, SIPRI-ի գնահատմամբ, հասել են 149 միլիարդ դոլարի, ինչը 38%-ով ավելի է, քան 2023 թվականին և կրկնակի գերազանցում է 2015 թվականի մակարդակը։ Անցյալ տարվա ռազմական ծախսերի ծավալը կազմել է ՀՆԱ-ի 7,1%-ը և պետբյուջեի բոլոր ծախսերի 19%-ը, նշում է ինստիտուտը։
Ուկրաինայի ռազմական ծախսերը 2024 թվականին աճել են 2,9%-ով՝ մինչև 64,7 միլիարդ դոլար, ինչը հավասար է Ռուսաստանի ռազմական ծախսերի 43%-ին։ Դրանք կազմել են ՀՆԱ-ի 34%-ը, ինչի պատճառով Ուկրաինան զբաղեցրել է աշխարհում առաջին տեղը ռազմական ֆինանսական բեռի առումով, հաղորդում է SIPRI-ն։
ՆԱՏՕ-ի բոլոր անդամները 2024 թվականին ավելացրել են իրենց ռազմական ծախսերը։ Դաշինքի երկրների ընդհանուր ցուցանիշը կազմել է 1,506 տրիլիոն դոլար։
ԱՄՆ ռազմական ծախսերը 2024 թվականին աճել են 5,7%-ով և հասել 997 միլիարդ դոլարի, ինչը կազմել է 2024 թվականին ՆԱՏՕ-ի ընդհանուր ռազմական ծախսերի 66%-ը և համաշխարհային ընդհանուր ծախսերի 37%-ը։ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները պաշտպանության համար ծախսել են, ընդհանուր առմամբ, 454 միլիարդ դոլար, ինչը կազմում է դաշինքի ընդհանուր ծախսերի 30%-ը։
Մերձավոր Արևելքում ռազմական ծախսերը 2024 թվականին հասել են 243 միլիարդ դոլարի, ինչը 15%-ով ավելի է, քան 2023 թվականին, և 19%-ով ավելի, քան 2015 թվականին։
Իսրայելի ռազմական ծախսերը աճել են 65%-ով՝ մինչև 46,5 միլիարդ դոլար, ինչը դարձել է ամենախոշոր տարեկան աճը 1967 թվականի Վեցօրյա պատերազմից ի վեր։ Դա, SIPRI-ի կարծիքով, բացատրվում է Գազայում մարտական գործողությունների շարունակմամբ և Լիբանանում հարավում շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության հետ հակամարտության սրմամբ։ Լիբանանի ռազմական ծախսերն աճել են 58%-ով՝ մինչև 635 միլիոն դոլար։
Իրանի ռազմական ծախսերը 2024 թվականին նվազել են 10%-ով՝ մինչև 7,9 միլիարդ դոլար։
«Պատժամիջոցների ազդեցությունն Իրանի վրա լրջորեն սահմանափակել է ծախսերը մեծացնելու նրա հնարավորությունները», - նշված է SIPRI-ի զեկույցում։
Չինաստանը, որն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը ռազմական ծախսերի ծավալով, 2024 թվականին դրանք ավելացրել է 7%-ով՝ մոտավորապես մինչև 314 միլիարդ դոլար։ Այդ երկրին է բաժին ընկնում Ասիայի և Օվկիանիայի բոլոր ռազմական ծախսերի 50%-ը։
Ճապոնիայի պաշտպանական ծախսերն ավելացել են 21%-ով՝ հասնելով 55,3 միլիարդ դոլարի, ինչն ամենամեծ տարեկան աճն է 1952 թվականից ի վեր: Ճապոնիայի ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 1,4%-ը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 1958 թվականից ի վեր:
Հնդկաստանի ռազմական ծախսերը (մեծությամբ հինգերորդն աշխարհում), ինստիտուտի գնահատումներով, աճել են 1,6%-ով՝ մինչև 86,1 միլիարդ դոլար: