Ազդանշանը պետք է Կիևից լինի. Պեսկովը` Ուկրաինայի հետ բանակցություն սկսելու հեռանկարի մասին

Ուղիղ բանակցությունների պատրաստակամության մասին ազդանշանը պետք է լինի Կիևից, մինչդեռ Մոսկվան որևէ գործողություն դեռ չի տեսնում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կիևից... Դեռ մենք որևէ գործողություն չենք տեսել», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ումից է Ռուսաստանը ազդանշան սպասում Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու համար:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ–ն շարունակում է ջանքեր գործադրել Ուկրաինայի գործընթացը խաղաղ հուն դուրս բերելու համար:

«Միացյալ Նահանգների՝ գործընթացը խաղաղ ուղղությամբ տանելու ջանքերը շարունակվում են։ Ռուսական կողմի պատրաստակամությունը բազմիցս հաստատվել է, հաստատվել է նախագահի կողմից՝ առանց որևէ նախապայմանի Ուկրաինայի հետ բանակցային գործընթաց սկսել խաղաղ հուն դուրս գալու համար։ Ջանքերը շարունակվում են», – ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Sputnik Արմենիա