Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները Հայոց ցեղասպանության թեմայով հրապարակային վիճել են
Թուրքիայի խորհրդարանի «Դեմոկրատական կուսակցության» ասորի պատգամավոր Ջորջ Ասլանը արտահերթ ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության մասին, հայտնել է Ermenihaber-ը։
Ելույթի սկզբում նա հիշատակել է նախորդ դարասկզբի ողբերգական իրադարձություններին զոհ գնացած հայերին, ասորիներին և մյուս բոլոր ժողովուրդներին։
«Խորհրդարանում գտնվող բոլոր քաղաքական կուսակցությունների խմբակցություններին ունեմ մի հարց․ 1915թ. Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ի՞նչ եղավ այդ 3 միլիոն քրիստոնյաների հետ։ Ուրեմն ինչո՞ւ է այսօր Թուրքիայի բնակչությունը 86 միլիոն, իսկ այս մարդկանց թիվը՝ 50 հազար»:
Ասլանը նկատել է տվել, որ այդ հարցին պատասխանով միայն Թուրքիայում կլինի իրական ժողովրդավարություն, հակառակ դեպքում՝ ոչ։
Ասլանին ելույթի ընթացքում անընդհատ վիրավորական ռեպլիկներով փորձել է ընդհատել իշխանական պատգամավոր, հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ունալ Քարամանը։ Ասորի պատգամավորը վերջինիս հակադարձել է։
«Դե վեր կացեք, տղամարդավարի պատասխանեք այդ հարցին»: Լեզվակռիվն ավարտվել է միկրոֆոնի անջատմամբ և Քարամանի արձագանքով՝ «Պատմաբաններին հարցրու»:
Armenia Today