Վեհափառն ընդունել է արգենտինացի իրավաբանների և լրագրողների. Նա անդրադարձել է հայ գերիների հարցին
Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայից ժամանած մի խումբ իրավաբանների և լրագրողների՝ ուղեկցությամբ արգենինահայ Խուան Պաբլո Գեչիջյանի։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Վերջինս Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ խմբի այցը Հայաստան նպատակ է հետապնդում ավելի խորը ճանաչելու հայ ժողովրդին, նրա պատմությունը, մշակույթն ու հոգևոր ժառանգությունը, ինչպես նաև ծանոթանալու երկրում տիրող իրավիճակին։
Իր օրհնությունը բերելով ներկաներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններին և երկրների միջև առկա գործակցությանը։ Վեհափառ Հայրապետը մասնավորապես խոսեց Արգենտինայի հայ համայնքի ազգային-հոգևոր աշխույժ կյանքի և կազմակերպվածության մասին՝ այս առնչությամբ իր գնահատանքը հայտնելով երկրի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար։
Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձ կատարեց Քույր Եկեղեցիների և միջեկեղեցական կազմակերպությունների հետ Հայոց Եկեղեցու հարաբերություններին, նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի աղետալի հետևանքներին և Հայաստանի առջև ծառացած ծանր մարտահրավերներին:
Հայոց Հովվապետը կարևոր նկատեց բարեկամ երկրների և միազգային հանրության կողմից գործադրվող ջանքերն ի նպաստ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման, Բաքվում անազատության մեջ պահվող գերիների ազատ արձակման։