ՏԿԵ․ Մեր մոտեցումն այն է, որ Երևանի տրանսպորտը չպետք է մտնի այլ բնակավայր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քանի որ Կոտայքի մարզի համար ունենք հաղթող կազմակերպություն, նա պետք է սպասարկի մարզի բնակավայրերը, իսկ Երևանի տրանսպորտը պետք է հետ քաշվի։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

 

«Փոխադրողը առաջարկել է սակագնի նվազեցում, երթերի քանակի ավելացում ենք քննարկել, որին համաձայնվել ենք, տրանսպորտային միջոցների թվի ավելացում ենք քննարկել, որին համաձայնվել ենք: Նաև քննարկել ենք, որ երթուղին հասնի ոչ թե ֆիզիկայի խաչմերուկ, այլ դեպի ավտոկայան, որտեղից իրականացվում են փոխադրումները: Չնայած քաղաքացիները ոնց այդքան էլ չէին ուզում, իրենք ավելի շատ դեպի մետրո էին առաջարկում, ինչին, անկեղծ ասած, մենք ենք դեմ, որովհետև կոնկրետ Բարեկամության մետրոյի մոտ ծանրաբեռնվածությունը շատ մեծ է: Դեպի «Բարեկամություն» մետրո երթեր իրականացնելը մենք կարծում ենք աննպատակահարմար, որովհետև դա Երևանի ծանրաբեռնվածության խնդիրը չի լուծում։

Հիմա պատկերացնենք մի իրավիճակ, որ բոլոր բնակավայրերից, իսկ դրանք թվով 800-ից ավելի են, երթեր իրականացվեն Երևանի տարբեր մասերում գտնվող մետրոյի կայարաններ, քաղաքում ուղղակի շարժվելը կդառնա անհնար։ Դրա համար համապատասխան կետեր են ընտրվում, որտեղից տեղի է ունենում հոսքերի, ուղևորափոխադրումների առումով վերաբաշխում»,-ասաց փոխնախարարը:

Նա հիշեցրեց, որ Պռոշյանի դեպքում իրենք համաձյնել են, որ թիվ 25 երթուղին հասնի մինչև ՊՆ-ի նախկին շենք, այդտեղից վերադառնա Երևան:

«Քասախի դեպքում մենք առաջարկել ենք, որ պետք է միջպետական ճանապարհից Երևանի տրանսպորտը սպասարկի և այդ միջպետական ճանապարհը անցնում է Քասախ բնակավայրի հենց կողքով և քաղաքացիները հնարավորություն ունեն օգտվելու այդ տրանսպորտից: Միաժամանակ միջմարզային տրանսպորտը պետք է մտնի բնակավայր: Այն երթուղով, որով այսօր Երևանն է սպասարկում, մենք առաջարկել ենք 150 դրամ սակագին, ոնց որ Երևանում է:

Քասախի դեպքում առաջարկվել է նաև, որ 150 մետր էլ երթուղին երկարացվի և մտնի բնակավայր, բայց մեր մոտեցումները նույն են մնում, որ Երևանի տրանսպորտը չպետք է մտնի բնակավայր և դա բխում է օրենքի պահանջներից»,-ասաց փոխնախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բողոքի ակցիաները սկիզբ էին առել դեռ ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։